Հոդվածներ

Անչելոտի․ «Չեմ կարծում, թե դա կազդի իմ ապագայի վրա»
15.04.2025
602 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Արսենալի» հետ (16.04.2025, 23:00)։

Առաջին խաղում «զինագործները» կարողացել են 3։0 հաշվով հաղթանակ տոնել։

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Երկրպագուները չափազանց կարևոր են, քանի որ նրանց աջակցությունը մեծապես օգնել է մեզ՝ հատկապես վերջին տարիներին։ Ակնկալում ենք նույնպիսի աջակցություն նաև վաղը։ «Արսենալի» դեմ առաջիկա խաղում պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք։

Պետք է պահպանենք կենտրոնացվածությունը և վերահսկենք հանդիպման ընթացքը առաջին իսկ րոպեից մինչև վերջինը։ Ռեմոնտադայի համար մենք ամեն բան ունենք՝ հմտություն, երկրպագուներ, փորձ... նախորդ տարիներին մենք զարմանալի բաներ ենք արել, թեկուզ շատերը չէին կարծում, թե մենք ֆանտաստիկ ֆուտբոլ ենք խաղում։ Մենք ուզում ենք արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել։

Մենք ծրագիր ունենք, որը ցանկանում ենք իրականացնել վաղվա խաղում։ Ամեն ինչ մշակել ենք մարզումների ժամանակ։ Մեր առաջիկա հանդիպման ծրագիրը հստակ է՝ խաղալ բարձր տեմպով, բարձր պրեսինգ անել ու տիրել գնդակին։ Չեմ կարող վստահաբար ասել՝ ռեմոնտադա կլինի, թե ոչ, բայց վստահ եմ՝ մեր ուժերի ողջ պաշարով կմտնենք խաղադաշտ։

Ցանկանում եմ, որ ֆուտբոլիստները «զինագործների» դեմ խաղին մոտենան սառնասրտությամբ, հավաքված ու հանգիստ։ «Բեռնաբեուն» նախկինում մեզ օգնել է, և վստահ եմ՝ վաղն էլ կօգնի։ Մենք սխալ գործելու իրավունք չունենք, պետք է անթերի լինենք։

Չեմ կարծում, թե վաղվա խաղում արագ գոլը վճռորոշ կլինի, բայց, իհարկե, այն նույնպես կարևոր է։ Սակայն ամենագլխավորն այն է, որ վերահսկենք խաղը և անենք առավելագույնը։ Երբ դու լավ ես տիրում գնդակին, ցանկացած պահի կարող ես գոլ խփել»։

 «Վալվերդեն խաղը կսկսի աջից պաշտպանությունում, իսկ Ֆրանը՝ ձախի՞ց։ Ես արդեն գիտեմ, թե ով է խաղալու, բայց ձեզ չեմ ասի»։

«Արսենալը» շատ կազմակերպված թիմ է, որը երկար ժամանակ է՝ ղեկավարվում է Արտետայի կողմից։ Ճիշտ է՝ նրանք ամենափորձառու կոլեկտիվը չեն, բայց ունեն հստակ պատկերացում թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման գծում»։

 «Վաղվա խաղի արդյունքը կազդի՞ իմ ապագայի վրա։ Չեմ կարծում։ Հանգիստ եմ։ Սա իմ կարիերայի առաջին մեծ հանդիպումը չէ, և հուսով եմ՝ վերջինը նույնպես չի լինի (ծիծաղում է)»։

 «Մբապեն հիասթափված ու վրդովված էր «Ալավեսի» դեմ խաղում ստացած կարմիր քարտից։ Այժմ նա շատ մոտիվացված է և երեկ լավ մարզվեց։ Վաղը նրա գոլերը մեզ ինչպես երբևէ՝ պետք են լինելու»։


Ամենակարդացված