Մեր Մասին

Մեր Մասին

Եթե այժմ կարդում ես այս հոդվածը, հավանաբար սիրում ես աշխարհի ուժեղագույն ֆուտբոլային ակումբը և շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու անգամ լարված ու հետաքրքիր 90 րոպեներ ես անցկացնում հեռուստացույցի առջև: Իսկ հիմա պատկերացրու, որ հենց այդ նույն պահին, երբ դու գամված ֆուտբել ես դիտում, մեր քաղաքի, հանրապետության ու ամբողջ աշխարհի տարբեր անկյուններում, տարբեր սեռի, տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ նույն ապրումներն ու զգացողություններն են ունենում, ինչպես դու:

Մի գեղեցիկ օր Երևանում ապրող մի քանի երիտասարդներ որոշեցին, որ ավելի հետաքրքիր կլինի միասին դիտել սիրված թիմի խաղերը, այնուհետև որոշեցին համաշխարհային սարդոստայնում ունենալ իրենց սեփական անկյունը, որտեղ հնարավորություն կունենան մայրենի լեզվով քննարկելու այն ամենը, ինչ վերաբերում է սիրելի թիմին, կազմակերպելու ֆուտբոլային խաղերի հեռուստադիտումներ ու հանդիպումներ ֆուտբոլային խաղադաշտում:

Արդեն մեկ տասնամյակ է, որ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլային ակումբը կապող օղակ է հանդիսանում հայերեն խոսող տարբեր տարիքի, սեռի, մասնագիտության և համոզմունքի տեր տասնյակ երիտասարդների համար: Երևանյան ֆան-ակումբը, անկասկած, յուրահատուկ է և նման չէ աշխարհում գոյություն ունեցող մեկ այլ երկրպագուների խմբի: «Ֆան-ակումբ» բառակապակցությունն էլ չափազանց պաթետիկ է հնչում պարզապես ֆուտբոլային նույն ակումբը սիրող մարդկանց համար: Որքան էլ «Ռեալի» մոսկովյան ֆան-ակումբից ժամանած մեր ընկերներն ու հյուրերը փորձեցին սովորեցնել մեզ երգելով ու արտասանելով աջակցել «Ռեալի» ֆուտբոլիստներին, այնուհանդերձ մինչև այժմ էլ երկրպագելու լավագույն ձևը մեզ համար մնում են «վայ քո արա», «Ռաուլ ջան, խփի ցավդ տանեմ», և այլ նմանատիպ արտահայտությունները, որոնք հնարավոր չէ լսել որևէ այլ երկրի «Ռեալի» ֆան ակումբում:

Կապ մեզ հետ

Մենք գիտենք, որ հաղթանակներ և գեղեցիկ ֆուտբոլ, այսինքն՝ «Ռեալ Մադրիդ» սիրող մարդիկ շատ են Հայաստանում, բայց նրանցից ոչ բոլորն են սիրում կամ ոչ բոլորը հնարավորություն ունեն ժամանակ անցկացնելու համացանցում: Ցանկություն և ժամանակ ունենալու դեպքում դո՛ւ էլ միացիր մեզ: Համախոհների հետ միասին ֆուտբոլ դիտելը, քննարկելը և խաղալը շատ հաճելի ու հետաքրքիր զբաղմունք են: Մեր դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր իսկապես սիրում են «Արքայական Մադրիդը»: