Այցելություն «Բեռնաբեու»
Պատկերացնո՞ւմ եք, որ հնարավորություն եք ստանում այցելելու «Բեռնաբեու» մարզադաշտը, լինելու նրա գաղտնի անկյուններում, որոնց ծանոթ էիք միայն նկարներով: Տարվա մեջ ցանկացած օր կարող եք տեսնել այս ամենը՝ ընդամենը շատ քիչ ժամանակ ծախսելով: Այս նոր ուղևորության շնորհիվ դուք կարող եք ավելին իմանալ մարզադաշտի, «Ռեալ Մադրիդ» ակումբի և նրա երկրպագուների մասին: Այժմ այս ուղևորությունը վերածվել է ինքնատիպ ցուցահանդես-զբոսանքի, որի ընթացքում դուք կայցելեք մարզադաշտի բոլոր բաժինները, կտեսնեք հանդերձարանները, կկարողանաք նստել փոխարինողների նստարաններին և այլն: Մենք հրավիրում ենք ձեզ վիրտուալ ճանապարհորդության, որը ձեզ համար կդառնա անմոռանալի: Իհարկե, վիրտուալ ճանապարհորդությունը չի կարող համեմատվել մարզադաշտով իրական զբոսանքի հետ, բայց սա նույնպես անմոռանալի տպավորություն կթողնի:
Եվ այսպես, սկսենք մեր ուղևորությունը մարզադաշտով:
Երթուղին սկսվում է կենտրոնական տոմսարկղերում: Էքսկուրսիան սկսվում է ամեն օր (բացի հունվարի 1-ից և դեկտեմբերի 25-ից)՝ առավոտյան ժամը 10:30-ին: Այն տևում է 10:30–ից մինչև ժամը 19:30–ը:
Ուղևորությունը սկսվում է Շել Տոն փողոցի 40 համարի դռնից: Դռների վրայի պաստառներին, ինչպես նաև տոմսարկղերի մոտ մանրամասն տեղեկություն է տրվում էքսկուրսիայի երթուղու մասին:
Մենք արդեն գտնվում ենք մարզադաշտի ներսում: Ժամանակակից դարպասները ճանապարհ են բացում դեպի շարժասանդուղք:
Վերելք 8 համայնապատկերային վերելակներից մեկով և հիանալի տեսարան. ահա այստեղ է սկսվում մեր էքսկուրսիայի գլխավոր մասը:
Ուղևորության առաջին կանգառը տեղի է ունենում այցելուների համար ամենագրավիչ տեղերից մեկում: Այստեղ բոլորովին այլ մթնոլորտ է տիրում:
Հաջորդ շարժասանդուղքին տանող ճանապարհին մենք հանդիպում ենք միջանցքի պատերից կախված վահանակներին, որոնց վրա պատկերված է մարզադաշտն իր բացման օրը՝ 1947 թվականին: Այստեղ ներկայացված է նաև մարզադաշտի պատմությունը, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմելու և գնահատական տալու «Բեռնաբեուի» զարգացման ու բարգավաճման մասին:
Երթուղին գտնելը հեշտացնելու համար կան հատուկ նշաններ, որոնք թույլ չեն տա ձեզ մոլորվել այս հիանալի կառույցում:
Ահա ևս մի տեղ, որը մեր առջև բացում է ամբողջ «Բեռնաբեուի» համայնապատկերը:
Այժմ մենք գտնվում ենք VIP օթյակում, որտեղից, հարմարավետ բազկաթոռներին նստած, Մադրիդի «Ռեալի» խաղին են հետևում Իսպանիայի ամենահայտնի դեմքերը և ոչ միայն:
Այնուհետև մենք շարժվում ենք դեպի սրահ, որտեղ հավաքված բազմաթիվ մարդիկ հնարավորություն ունեն հետևելու «Ռեալի» հրաշալի խաղին յուրաքանչյուր հեռուստացույցով:
Հաջորդ դրվագում մարզադաշտում հանդիպում ենք «Ռեալի» ուրիշ երկրպագուների՝ արգենտինացի երկրպագուհուն և մեքսիկացի ֆանատին իրենց փոքրիկ զավակի հետ:
«Մենք ուրախ ենք այստեղ գտնվելու համար: Վաղուց էինք ուզում այստեղ գալ ու արդեն հասցրել ենք մի քանի հուշանվեր գնել»: Տեսնելով այս դեմքերը՝ ակումբի ադմինիստրացիան առանց վարանելու այս ընտանիքին նվիրեց «Ռեալ Մադրիդ» ակումբի երկրպագուների անդամության քարտեր:
Մարզադաշտի ամբողջական համայնապատկերին ծանոթանալուց հետո գնում ենք դեպի ֆուտբոլիստների հանդերձարանները, որտեղ նրանք հավաքվում են խաղից առաջ և հետո: Այս պատերն իրենց մեջ բազմաթիվ գաղտնիքներ են պահում:
Սրահում մենք տեսնում ենք Մադրիդի «Ռեալի» գերբը՝ հատակին պատկերված:
Էքսկուրսիայի հաջորդ էտապը թունելն է, որով ֆուտբոլիստները դուրս են գալիս «Բեռնաբեուի» խաղադաշտ:
Մենք գտնվում ենք ստադիոնի հենց խաղադաշտում, որտեղ արվում է այս ուղևորության լուսանկարների մեծ մասը:
Այնուհետև մենք ստանում ենք աննախադեպ առավելություն՝ նստելու փոխարինողների նստարաններից մեկին: Չնայած այս նստարանները կարելի է առանց չափազանցության անվանել բազկաթոռներ:
Այսքան մոտ տարածությունից մարզադաշտի խոտածածկը տեսնելն արդեն կարելի է անվանել առավելություն:
Երկար ուղևորությունից հետո մենք մտնում ենք մարզադաշտի ներսում գտնվող սրճարանը, որտեղ կարող ենք մի բան ուտել կամ հագեցնել ծարավը:
Մեզ մնում է այցելել 20-րդ դարում Մադրիդի «Ռեալի» ունեցած նվաճումների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում կարող եք գտնել ձեզ համար նոր ու հետաքրքիր բաներ. օրինակ՝ ակումբի բոլոր տեղեկատվական վահանակները թարգմանված են նաև անգլերեն, որպեսզի ավելի մեծ քանակությամբ մարդիկ կարողանան ծանոթանալ պատմությանը: Նման բան աշխարհում այլևս ոչ մի տեղ չկա:
Երբ մեր ուղևորությունը մոտենում է իր ավարտին, մենք տեղափոխվում ենք ակումբի ատրիբուտիկայի խանութ, որտեղ դուք կարող եք ձեռք բերել շատ ապացույցներ, որ եղել եք Եվրոպայի լավագույն էքսկուրսիաներից մեկում: Ինչպես նաև կարող եք պարզապես հուշանվերներ գնել:
Այսքանով ավարտվում է մեր ուղևորությունն աշխարհի ամենագեղեցիկ ու ամենահայտնի մարզադաշտերից «Բեռնաբեուում»: Հուսով ենք՝ ձեզ գոհացրեց այս վիրտուալ էքսկուրսիան:
Աղբյուրը` realmadrid.com