Հոդվածներ

Իսկական աբսուրդ
26.03.2026
103 0

Ոչ մի նորություն չկա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ ապրիլի 7-ին կայանալիք «Ռեալ» - «Բավարիա» առաջին հանդիպման տոմսերի պաշտոնական գների մեջ: Դրանք սովորական դարձած «խենթ» գներն են այս մակարդակի խաղի համար՝ ամենաէժանը 120 եվրո, իսկ ամենաթանկը՝ 445 եվրո:

Հետաքրքիրն այն է, որ ակումբն իր «սոսիոներին» (ակումբի անդամներին) առաջարկում է 30% զեղչ, ինչի արդյունքում նրանք կարող են տոմս գտնել 84-ից մինչև 312 եվրոյով: Արդեն բնական է դարձել, որ «Բեռնաբեուում» նման գները սովորական են, քանի որ «Մանչեսթեր Սիթիի» դեմ 1/8 եզրափակչում տոմսերն արժեին նույնքան:

Ավելի նորմալ գներ Մյունխենում

Իսպանական և գերմանական ակումբների տոմսերի գների տարբերությունը հասկանալու համար բավական է նշել, որ «Ռեալի» շատ անդամներ բողոքում են՝ «Ալյանց Արենայում» խաղը դիտելն իրենց վրա ավելի էժան է նստում, քան սեփական մարզադաշտում:

Այն տոմսերը, որոնք «Բավարիան» տրամադրել է «Ռեալի» երկրպագուների համար ապրիլի 15-ի պատասխան խաղի համար, կարժենան 50 եվրո: Մինչդեռ մադրիդիստները, ովքեր կցանկանան տոմս գնել «Բեռնաբեուի» նույնատիպ տրիբունայում, պետք է վճարեն 112 եվրո:

ՈՒԵՖԱ-ն փորձել է սահմանափակել այս գնային խենթությունը և հյուրերի երկրպագուների համար առավելագույն գին է սահմանել 60 եվրոն: Հատկանշական է, որ «Բավարիան» նույնիսկ չի ցանկացել սահմանել այդ առավելագույն շեմը և տոմսերը վաճառում է 50 եվրոյով: Իսկ գերմանացի երկրպագուները, ովքեր կգան «Բեռնաբեու», կվճարեն հենց 60 եվրո՝ ուղիղ կեսը այն գումարի, որը ստիպված է վճարել «Ռեալի» ցանկացած այլ երկրպագու (120 եվրո):


Ամենակարդացված