Հոդվածներ

Խամես․ «Զիդան ֆուտբոլիստը, թե Խամե՞սը․ Խամես»
18.03.2025
391 0

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստի հարցազրույցից հատվածներ

«Տեղափոխությունը «Ռեա՞լ»։ ԱԱ 2014-ի ժամանակ Ժորժե Մենդեշը ինձ ասաց՝ «Ռեալը» ցանկանում է քեզ և զգուշացրեց, որ չկրոցնեմ կենտրոնացումս։ Դա ինձ ավելի մարտական դարձրեց. դրանից հետո գոլ խփեցի Ճապոնիային, հետո էլ՝ երկու գոլ Ուրուգվային։ Ես ընդամենը 22 տարեկան էի, ու մտածեցի՝ «Պետք է հիմա էլ ավելի ուժեղ խաղամ», ու ես դարձա ԱԱ-ի լավագույն ռմբարկու։

ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Սիթին» նույնպես ցանկանում էին ինձ՝ ավելի մեծ գումարներով, բայց ես ընտրեցի «Ռեալը», որովհետև հենց Ֆլորենտինո Պերեսն ինձ զանգեց ու հարցրեց՝ «Փառք ես ուզում, թե՞ փող»։ Դրա մեջ ամեն ինչ հստակ ասված էր։

Ես միշտ «Ռեալի» երկրպագու եմ եղել։ Երբ տեղափոխությունը կայացավ, մտածում էի՝ «Ինչպե՞ս եմ խոսելու Ռամոսի, Բենզեմայի, Մոդրիչի, Ռոնալդուի, Կասիլյասի հետ»։ Բայց երբ եկա՝ նրանք շատ հանգիստ ու ջերմ ընդունեցին։

Պերեսը միշտ լավ է վերաբերվել ինձ։ Մենք հիմա կապի մեջ չենք, բայց կարծում եմ՝ ես միշտ եղել եմ նրա սիրելիներից մեկը։ Երբ տեղափոխվեցի «Բավարիա», նա ասաց, որ տխուր է»։

 «Երբ նոր էի միացել «Ռեալին», այնտեղ արդեն կային Կրոսը, Իսկոն, Բենզեման, Բեյլը։ Մտածում էի՝ խաղը չեմ սկսի հիմնական կազմում, քանի որ ընդամենը հինգ օր էի մարզվել։ Բայց Անչելոտին ինձ ընդգրկեց մեկնարկային կազմում, ու ես խաղացի 60 րոպե։

Անչելոտիի հետ աշխատա՞նքը։ Մարզչի հաջողությունը կամ ձախողումը կախված է նրանից, թե ինչպես է կառավարում հանդերձարանը։ Եթե նայենք Անչելոտիի կարիերային՝ տեսնում ենք, որ իր մոտ բոլորը լավ են խաղացել։ Կակա «Միլանում», Վինիսիուս, Ռոնալդու, Ռոդրիգո ու ես՝ «Ռեալում»։ Նա ունի յուրահատուկ արժեք. իմ համար՝ աշխարհի լավագույն մարզիչն է»։

«Իմ առաջին մրցաշրջանը «Ռեալու՞մ»։ Ավելի քան 14 գոլ, 15 գոլային փոխանցում։ Կարծում եմ՝ շատ բարձր մակարդակով եմ խաղացել, ինչպես Բելինգեմը՝ անցած մրցաշրջանում։ Ինձ դուր է գալիս Ջուդի խաղը։ Կարծում եմ՝ նա կարող է «Ոսկե գնդակ» շահել։

«Բենիտեսի հետ կոնֆլի՞կտ։ Սկզբում նրան դուր էի գալիս, հետո՝ ոչ։ Մի խաղի ժամանակ փոխարինեց ինձ, ու «Բեռնաբեուն» սկսեց սուլել։ Ես մի ժեստ արեցի՝ ի պատասխան երկրպագուների, ու կարծում եմ՝ Բենիտեսը դա ընկալեց որպես սադրանք իր դեմ։ Հենց դա էլ փչացրեց հարաբերությունները։

 «Զիդանն իմ կուռքերից մեկն է եղել։ Երբեմն նա մեզ հետ էր մարզվում ու ուղղակի լավագույնն էր։ Երբ Զինեդինը գլխավորեց «Ռեալը», մամուլում ահավոր աղմուկ բարձրացավ։ Ես երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել իր հետ, չնայած մամուլն այլ բան էր գրում։

Բայց նա կազմեց մի թիմ, որի մեջ ես ուղղակի չէի տեղավորվում։ Խաղացել եմ Զիդանի ղեկավարության ներքո, բայց առանցքային խաղերում նա նախընտրում էր Մոդրիչ – Կազեմիրո – Կրոս եռյակը։

«Որտե՞ղ եմ ավելի մեծ ճնշում զգացել՝ Իսպանիայում թե՞ Կոլումբիայում։ Իսպանիայում։ Երբ վերադարձա, «Ռեալի» երկրպագուները կանգնեցնում էին փողոցում ու հարցնում՝ «Ի՞նչու հեռացար»։ Ես «Ռեալում» մի քանի գեղեցիկ գոլ եմ խփել, դրա համար էլ մարդիկ հիշում ու սիրում են ինձ։

«Ռեալում» ես սովորեցի դիմանալ նման ճնշումներին, որովհետև միշտ ուշադրության կենտրոնում էի։ Եթե փորձեի ամեն բանի ուշադրություն դարձնել՝ հաստատ կխենթանայի։

Սկզբում, երբ կարդում էի քննադատությունները, ասում էի՝ «Ես կստիպեմ բոլորին լռել»։ Ինձ դուր է գալիս խաղալ այնպիսի մարզադաշտերում, որտեղ մարդիկ սուլում են իմ ուղղությամբ»։

Բլից հարցում

• Լավագույն ֆուտբոլիստը՞։ Իմ եռյակը՝ Մբապե, Բելինգհեմ, Վինիսիուս

• Դե Բրույնե՞ թե Զիդա՞ն․ Զիդան

• Զիդա՞ն թե Բելինգհե՞մ․ Զիդան

• Զիդա՞ն թե Օզի՞լ․ Զիդան

• Զիդա՞ն թե Իսկո՞․Զիդան

• Զիդա՞ն թե Խամե՞ս․ Զիդանն ԱԱ է հաղթել իր պիկում, բայց... Խամես

• Խամե՞ս թե Մոդրի՞չ․ Խամես

• Խամե՞ս թե Կրո՞ս․ Խամես

• Խամե՞ս թե Խավի՞․ Իմ լավագույն օրերին՝ Խամես


Ամենակարդացված