Հոդվածներ

Մբապե․ «Միթե՞ Ռոդրին «Ոսկե գնդակի» մակարդակի ֆուտբոլիստ է»
18.03.2025
513 0

Ֆրանսիացի հարձակվողի հարցազրույցից հատվածներ

«Մարդիկ ասում են, թե ՊՍԺ-ն սկսել է ավելի լավ խաղալ առանց ի՞նձ։ Դա ինձ ընդհանրապես չի հուզում։ Ես հետևում եմ բոլոր ֆուտբոլային խաղերին, այդ թվում՝ նաև ՊՍԺ-ին, և ես իրոք հաջողություն եմ մաղթում ակումբին։

Բայց հիմա ամբողջությամբ կենտրոնացած եմ «Ռեալի» վրա և այն հնարավոր «թրեբլի», որը կարող է դառնալ «Ռեալի» պատմության մեջ առաջինը։ Դա անհավատալի հաճույք կլինի՝ նման ձեռքբերում հենց իմ առաջին մրցաշրջանում այս ակումբում»։

 «Կարո՞ղ է Դեմբելեն հավակնել «Ոսկե գնդակին»։ Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի «Ոսկե գնդակի» դափնեկիրը։ Արդյոք Ռոդրին նման մակարդակի ֆուտբոլիստ է։

Ես կարծում էի՝ «Ոսկե գնդակը» Վինիսիուսը կստանա, բայց վերջում այն Ռոդրին ստացավ։ Եթե մրցանակը հանձնելուց երեք ամիս առաջ ձեզ ասեի, որ այն Ռոդրին է ստանալու, դուք կպատասխանեիք՝ «Այդ ի՞նչ ես ասում, գրողը տանի»։

Չպետք է որևէ մեկին բացառենք։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է ստանալ այդ մրցանակը՝ անգամ դարպասապահը»։

«Ճի՞շտ է, որ կբարևեմ Ալ-Խելաիֆիին, եթե հանդիպենք։ Իհարկե, և չմտածեք, թե դրանից առաջ կթքեմ ափիս մեջ (ծիծաղում է)։ Ես այն մարդկանցից չեմ, ովքեր կենտրոնանում են միայն բացասականի վրա։ Գիտեմ, թե ինչպես երախտապարտ լինել այն ամենի համար, ինչ ինձ տվել են՝ թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կյանքում»։

 «55 մլն եվրո, որը ՊՍԺ-ն ինձ դեռ պա՞րտք է։ Հարցը գտնվում է իրավաբանների ձեռքում։ Ես չեմ անհանգստանում այդ թեմայով»։

«Տարաձայնություններ Դեշամի հե՞տ։ Կան թեմաներ, որոնք հասարակությանն իմանալ պետք չէ։ Ամեն աշխատանքի մեջ լինում են տարաձայնություններ գործընկերների հետ, բայց դա չի նշանակում, թե դու չես սիրում կամ չես հարգում նրանց»։

«Դեշամից հետո Զիդա՞նը կդառնա հավաքականի գլխավոր մարզիչ 2026 թվականի Աշխարհի գավաթից հետո։ Վերջիվերջո՝ Զիդանն էլ Զիդան է։ Չձևացնենք, թե քարանձավում ենք ապրում ու չենք լսում այդ խոսակցությունները, բայց ես իրավունք չունեմ մեկնաբանելու։

Ես արդեն հանդիպել եմ Զիդանի հետ, բայց փորձում եմ հաճախ չհանդիպել, որովհետև դա կարող է շահարկումների տեղիք տալ։ Չնայած դրան՝ ես միշտ ուրախ եմ Զիզուին տեսնել»։


Ամենակարդացված