Հոդվածներ

Այն, ինչից խուսափում էր
17.03.2023
1923 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ու կիսաեզրափակիչի վիճակահանությունից առաջ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հայտարարել էր, որ ինչպես ցանկացած ակումբ, «Բավարիան» նույնպես այս փուլերում խուսափում է Մադրիդի «Ռեալին» կամ «Մանչեսթեր Սիթիին» հանդիպելուց: 

«Քառորդ եզրափակիչում մենք ցանկալի մրցակից չունենք: Այնուամենայնիվ, հավանաբար ոչ մեկն էլ չի ցանկանում բաժին հասնել «Ռեալին» կամ «Մանչեսթեր Սիթիին»: Բայց մյուս թիմերը նույնպես արժանի են լինելու այնտեղ, որտեղ կան: Պետք է կենտրոնացած մնալ ու հարգել բոլոր մրցակիցներին»,- Bayern & Germany թվիթերյան էջը մեջբերում է Ռումենիգեի խոսքը:

Վիճակահանությունը, սակայն, տհաճ անակնկալ մատուցեց մյունխենյան ակումբի նախկին գլխավոր տնօրենին: «Բավարիային» քառորդ եզրափակիչում բաժին հասավ «Մանչեսթեր Սիթին»: Շատ ավելի հետաքրքիր է այն, որ այդ փուլը հաղթահարելու դեպքում էլ պոտենցիալ մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է, եթե իհարկե «Արքայական ակումբը» հաղթահարի «Չելսիի» արգելքը: Ստացվում է՝ Ռումենիգեի գլխին եկավ այն, ինչից խուսափում էր: 

Fenomeno, Realmadrid.am