Հոդվածներ

3 հանգամանք, որոնց շնորհիվ «Ռեալը» կարող է հաղթել Կլասիկոյում
23.10.2020
3019 0

Երկու խաղ անընդմեջ պարտություն կրելուց հետո Մադրիդի «Ռեալը» առաջիկա խաղում ուժերն է չափելու «Բարսելոնայի» հետ։ Զիդանի սաները, իհարկե, պետք է շատ ավելին անեն այդ խաղում, որպեսզի կարողանան հասնել սպասված արդյունքին։ 

Կա երեք հանգամանք, որոնց շնորհիվ «Ռեալը» կարող է հաղթել Կլասիկոյում։

1․ Մադրիդյան պրեսինգը պետք է վերադառնա։

Այս մրցաշրջանում «Ռեալի» թույլ օղակներից մեկը հենց պրեսինգն է, ինչի արդյունքում էլ թիմը չի կարողացել պաշտպանությունում ապահովել այն արդյունավետությունը, որը կարող նախորդ մրցաշրջանում։ «Շախտյորի» դեմ խաղի առաջին կեսում դա հստակ զգացվում էր։ Մեկ կիսապաշտպաններն էին դուրս մնում պրեսինգից, մեկ հարձակվողներն էին ոչ այնքան արդյունավետ գործում պրեսինգի ժամանակ։ «Բարսելոնայի» դեմ խաղում դա առավել քան պարտադիր է, քանի որ կատալոնական ակումբի խաղը մեծապես կախված է կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստներից։ 

2․ «Ռեալը» պետք է հարձակողական հատուկ պլան ունենա։

Ի ուրախություն «Ռեալի», «Բարսելոնան» մտադիր չի լինելու ամբողջ կազմով պաշտպանվել և սպասել հակագրոհներին։ Դա հնարավորություն կտա «Ռեալին» ազատ տարածություններ ունենալ և արագ գրոհներ կազմակերպել։ Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» միշտ էլ շատ վտանգավոր է եղել հակագրոհների ժամանակ, իսկ Վինիսիուսի և Բենզեմայի առկայությունը մեծ օգուտ կարող է բերել նման մարտավարությանը։  Նրանք թիմի հարձակման գծի ամենավտանգավոր ֆուտբոլիստներն են և կարող են մեծ վնաս հասցնել կատալոնացիներին։ Բայց եթե «Բարսելոնան» որոշի գնդակ տալ «Ռեալին» և սպասի իր շանսերին, այդ դեպքում «Արքայական» ակումբը պետք է հստակ հարձակողական պլան ունենա։ 

3․ Աջ պաշտպանի դիրքում ճիշտ ընտրությունը։

«Շախտյորի» դեմ խաղում Զինեդին Զիդանը այդ դիրքում փորձարկեց Ֆերլան Մենդիին, ով բավական անհարմար էր իրեն զգում թե՛ հարձակվելիս, և թե՛ պաշտպանվելիս։  Եթե «Բարսելոնայի» դեմ խաղում Զիդանը կրկին այդ որոշումը կայացնի, ապա պետք է հաշվի առնել, որ պաշտպանության ձախ եզրում խաղադաշտ է դուրս գալու Մարսելոն, ով այս մրցաշրջանում այնքան էլ լավ տպավորություն չի թողնում։ Մյուս կողմից, եթե Նաչոն դուրս գա խաղադաշտ, ապա Անսու Ֆատին կարող է լուրջ խնդիրներ առաջացնել իր հայրենակցի համար։ Ֆատին տեխնիկապես բավական ուժեղ և շատ արագ ֆուտբոլիստ է, ուստի այդ պարագայում Նաչոյին պետք է անընդհատ օգնեն թիմակիցները։  Այդ դեպքում Մենդին կարող է խաղալ իրեն հարազատ ձախ պաշտպանի դիրքում, բայց Նաչոյի կողքին մշտապես պետք է գործի Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված