Հոդվածներ

«Ռեալ Մադրիդի» 25-օրյա մրցավարական մղձավանջը
16.04.2026
827 0

Մյունխենի սկանդալը եզրափակեց վիճահարույց որոշումներով լի ամիսը, որոնք, «Մադրիդում» կարծում են, վճռորոշ եղան Լա լիգային և Չեմպիոնների լիգային հրաժեշտ տալու համար:

«Մեզ պարզապես ջախջախեցին»։ Մյունխենը դարձավ վերջին կաթիլը, որը լցրեց «Մադրիդի» համբերության բաժակը։ Կամավինգայի վիճահարույց հեռացումը պսակեց այն մրցավարական մղձավանջը, որը «սերուցքայինների» թիմն ապրեց վերջին ամսվա ընթացքում, և որն ակումբում համարում են վճռորոշ գործոն՝ թե՛ Լա լիգայից, թե՛ Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար։

«Մադրիդը» մատնանշում է իր դեմ կայացված սխալ որոշումների այս շարքը՝ որպես ուղղակի պատասխանատու այն բանի համար, որ Լա լիգան գործնականում տանուլ է տրված, իսկ Եվրոպայում պայքարն ավարտված է։ Մրցավար Սլավկո Վինչիչի որոշումը «Ալյանց Արենայում» հասցրել է հանդերձարանին և ակումբին մի զայրույթի, որը հազվադեպ է տեսնվել։ Պատճառն այն է, որ նրանք չեն հիշում նման ակնհայտ սխալների հաջորդականություն՝ նման կործանարար հետևանքներով։

«Մադրիդը» Մյունխեն էր մեկնել՝ դեռևս իր հետ տանելով հսկայական դժգոհությունը «Ժիրոնայի» հետ խաղում Մբապեի նկատմամբ չնշանակված 11-մետրանոցի պատճառով։ Այդ մրցավարական «վերքը» տեսանելի էր ֆրանսիացու դեմքին, ով «Բավարիայի» դեմ խաղում հանդես էր գալիս սպեղանիով՝ պաշտպանելու Վիտոր Ռեյսի արմունկի հարվածից առաջացած պատռվածքը, որը Ալբերոլա Ռոխասը չէր համարել 11-մետրանոց։

Վիճահարույց և վճռորոշ դրվագ, քանի որ «Մադրիդը» կարող էր խաղի վերջնամասում ստանալ տուգանային հարվածի իրավունք, հաղթել և շարունակել պայքարը տիտղոսի համար, որը ոչ-ոքիից հետո գրեթե վերջնականապես ձեռքից բաց թողեց։ «Դա 11-մետրանոց է և՛ այստեղ, և՛ Լուսնի վրա։ Եվս մեկը։ Եվս մեկ շաբաթ։ Սա է այն, ինչ ունենք։ Մենք շատ խնդիրներ ենք ունեցել մրցավարների հետ»,–խաղից հետո դառնությամբ բողոքել է Արբելոան։ Մրցավարների տեխնիկական կոմիտեի (CTA) կողմից սխալի հրապարակային ընդունումը միայն ավելի բորբոքեց մադրիդիստների զայրույթը։

Մինչև «Ժիրոնայի» հետ խաղը, «Մադրիդն» արդեն բարձրաձայնել էր իր դժգոհությունը «Մալյորկայից» կրած պարտության ժամանակ՝ Պաբլո Տորեի՝ տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար, որը չնշանակվեց որպես 11-մետրանոց։ Ակումբը բողոքեց ոչ միայն այն բանի համար, որ VAR-ը չզգուշացրեց մրցավարին դրվագը վերանայելու համար, այլև այն, որ հեռարձակման ժամանակ դրվագն անգամ չկրկնվեց։ Մի պատկեր, որը խաղի ավարտից հետո դարձավ վիրուսային, սակայն բուն խաղի ընթացքում մնաց աննկատ։ Ըստ «Ռեալ Մադրիդի»՝ այդ դրվագը կարող էր փոխել խաղի ընթացքը, քանի որ տեղի էր ունեցել հենց սկզբում, երբ հաշիվը դեռ 0-0 էր։ Նույն խաղում «Մադրիդը» կասկածի տակ է դնում նաև Մաստանտուոնոյի նկատմամբ նշանակված տուգանայինը, որը հանգեցրեց Մուրիքիի գոլին և թիմի պարտությանը։

Ասես սա քիչ էր, այս 25-օրյա մղձավանջի սկիզբը դրվեց մարտի 22-ի դերբիում։ Այն ժամանակ Վալվերդեի վիճահարույց կարմիր քարտը հրահրեց մադրիդյան զայրույթը՝ չնայած վերջնական հաղթանակին։ Մունուերա Մոնտերոն կատաղեցրեց թիմին՝ հեռացնելով Ֆեդեին Բաենայի նկատմամբ կատարած խախտման համար, որը նրանց կարծիքով հեռու էր ուղիղ կարմիր քարտ լինելուց, ինչպես որ մեկնաբանեց մրցավարը։

Որոշում, որը ստիպեց Արբելոայի տղաներին խաղի վերջին 15 րոպեն անցկացնել փոքրամասնությամբ մի իրավիճակում, երբ նրանք պայքարում էին «Բարսելոնայի» հետ Լա Լիգայի համար։ «Նա չփորձեց տապալել դերբին, նա փորձեց տապալել «Մադրիդին», ինչը նույնը չէ»,– հայտարարեցին Real Madrid TV-ի եթերում։ Հետագա բոլոր ձախողումներն ուղեկցվեցին մրցավարական սկանդալներով, որոնց գագաթնակետը դարձավ Կամավինգայի հեռացումը Մյունխենում։ 25 դրամատիկ օրեր «Մադրիդի» համար՝ մրցավարների թիրախում։


Ամենակարդացված