Հոդվածներ

Ֆեդե Վալվերդեի 10 տարին էլիտայում
30.03.2026
65 0

Ռեպորտաժ ուրուգվայցի աստղի հետ՝ MARCA-ին տված նրա առաջին հարցազրույցից (2016թ.) տասը տարի անց:

Marca․com–ի անդրադարձը

Երեկ` մարտի 29–ին, լրացավ 10 տարին այն օրվանից, երբ Marca-ն առաջին անգամ հանդիպեց Ֆեդե Վալվերդեին, ով այն ժամանակ ընդամենը 17 տարեկան էր (28 մարտի, 2016թ.): Ֆեդեն նոր էր դեբյուտը նշել «Պենյարոլի» առաջին թիմում: Օգտվելով Լոնդոնում մեր ներկայությունից՝ Անգլիա - Ուրուգվայ ընկերական խաղի առիթով (1-1, Ֆեդեի գոլը 11-մետրանոցից՝ 94-րդ րոպեին), մենք առաջարկեցինք մադրիդցի ֆուտբոլիստին հիշել մեկ տասնամյակ առաջվա այդ պահը:

Նրա կինը՝ Մինա Բոնինոն, մի քանի անգամ նշել է, որ «Բազեի» (El Halcón) մարզական մակարդակը միշտ շատ բարձր է եղել, երբ ինքը հղի է եղել, ինչը տեղի է ունենում նաև հիմա՝ զույգի երրորդ երեխայի սպասումով: «Դա ճիշտ է, այդպես է: Այս երրորդ երեխան ինձ շատ է մոտիվացնում, բայց արդեն հերիք է: Կարծում եմ՝ սա կլինի իմ վերջին «փրայմը» (լավագույն մարզավիճակը)», - ուրբաթ օրը Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիային տված հարցազրույցում ասել էր նա:

Վալվերդեն մեզ հայտնեց իր երջանկության մասին՝ թե՛ անձնական կյանքում Մինայի հետ (ով ծնողների հետ միասին ամենամեծ ազդեցությունն է ունեցել նրա կարիերայի վրա), և թե՛ պրոֆեսիոնալ առումով. այսօր նա համարվում է աշխարհի լավագույն մարզավիճակում գտնվող կիսապաշտպանը՝ փայլուն հանդես գալով 2026 թվականին:

Այս ռեպորտաժը չէր կարող ավելի ժամանակին լինել, քանի որ Ֆեդեն ևս մեկ նվաճում գրանցեց ուրուգվայական ֆուտբոլի համար՝ Ուեմբլիում 94-րդ րոպեին խփած իր գոլով: Սա ևս մեկ սխրանք է մի ֆուտբոլիստի համար, ով դառնալու է այդ փոքր, բայց մեծ երկրի պատմության լավագույններից մեկը: Աշխարհի առաջնության ժամանակ նա կլինի թիմի երկրորդ ավագը (Խոսեմա Խիմենեսից հետո):

Ֆեդեի հետ հանդիպման ժամանակ քննարկեցինք 2026 թվականը, որը հիանալի է դասավորվում նրա համար՝ 8 գոլ (այս մրցաշրջանի 12-ից) և 8 գոլային փոխանցում «Ռեալի» կազմում, չհաշված հիշարժան ելույթները (հեթ-տրիկ «Սիթիի» դեմ):

«Ինչ ջահել էինք», - ասում է նա՝ տեսնելով 2016-ի լուսանկարը: Այն ժամանակ նա 17 տարեկան էր և խաղում էր «Պենյարոլում»: Այդ հանդիպումը տեղի էր ունեցել Մոնտեվիդեոյում, իսկ այս մեկը՝ Լոնդոնում, որտեղ Ֆեդեն փայլեց իր հավաքականի հետ:

2016-ի այդ հարցազրույցի համար մենք մեկնել էինք Մոնտեվիդեո՝ ներկայացնելու մի տղայի, ով աչքի էր ընկնում «Պենյարոլում» և ում մասին Եվրոպայում դեռ գրեթե ոչինչ չգիտեին: Հարցազրույցը կայացել էր «Լոս Արոմոս» մարզաբազայում, իսկ կազմակերպման հարցում մեզ շատ էին օգնել ակումբի մամուլի բաժինն ու Դիեգո Ֆորլանը, ով այն ժամանակ հանդես էր գալիս այդտեղ:

«Ճնճղուկը» (El Pajarito) դեռ երեխա էր: 2016-ի հուլիսի 22-ին նա դարձավ 18 տարեկան և միայն դրանից հետո կարողացավ պայմանագիր կնքել «Ռեալ Մադրիդի» հետ: Պաշտոնական միացումը ակումբին տեղի ունեցավ 2016թ. հուլիսի 28-ին:

Այդ օրվանից ի վեր «Ռեալի», Ուրուգվայի և հատկապես «Պենյարոլի» երկրպագուները հետևել են նրա վերելքին էլիտայում այս 10 տարիների ընթացքում: Հիշեցնենք, որ Ֆեդեն այժմ 27 տարեկան է (հուլիսին կդառնա 28) և նրա պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Այնպես որ, դեռ երկար տարիներ կվայելենք նրա խաղը: Այն ժամանակվա «Ճնճղուկից» մինչև այսօրվա «Բազեն»՝ Ֆեդեն որպես խաղացող շատ է զարգացել, բայց որպես մարդ պահպանել է նույն բարությունն ու պարզությունը:


Ամենակարդացված