Հոդվածներ

Չուամենի․ «Չպետք է անհանգստանալ այդ հարցով»
11.03.2025
456 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Ատլետիկոյին»։ Առաջին խաղում «Արքայական ակումբը» 2։1 հաշվով հաղթանակ է տարել։

«Ռեալի» կիսապաշտպան Օրելյեն Չուամենիի նախախաղային մամուլի ասուլիսը

 «Ամբողջ թիմը պատրաստ է «Ատլետիկոյի» դեմ խաղին։ Մենք գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց ամեն ինչ կտանք խաղադաշտում։ Վաղը «հնդկացիները» շատ ագրեսիվ ֆուտբոլ կխաղան, բայց մենք գիտենք՝ ինչ պետք է անել։ Մենք ոչ-ոքի խաղալու մտադրություն չունենք, ուզում ենք հաղթել։

Մենք լավ մարզավիճակում ենք ու ցանկանում ենք այս մրցաշրջանում նոր տիտղոսներ նվաճել»։

«Իմ հասցեին «Բեռնաբեուում» սուլոցնե՞րը։ Իհարկե, լսել եմ։ Բայց յուրաքանչյուր խաղ իր պատմությունն ունի։ Խաղերից մեկի սկզբում երկրպագուները սուլում էին իմ հասցեին, բայց ես այդ խաղում շատ լավ հանդես եկա։ Ամենակարևորը խաղադաշտում իմ անելիքների վրա կենտրոնանալն է ու ձգտել կատարելագործվել բոլոր բնագավառներում։

Չպետք է անհանգստանաս ուրիշների կարծիքի համար։ Այսօր լավ է, վաղը՝ ոչ։ Պետք է պարզապես կենտրոնանաս ու շարունակես աշխատել՝ ժպիտը դեմքիդ»։

«Որ դիրքում եմ ինձ ավելի լավ զգում՝ կենտրոնական պաշտպան, թե հենակետայի՞ն։ Այդ երկու դիրքերը միանգամայն տարբեր են։ Պաշտպանությունում մի փոքր ավելի շատ ժամանակ ունես հարձակումը զարգացնելու համար, բայց շատ ավելի դժվար է պահպանել կենտրոնացումը, որովհետև գնդակն այդքան էլ շատ չես ստանում»։

«Մբապե՞ն։ Եթե վաղը նա 1–3 գոլ խփի, բոլորը կասեն, որ նա անհավանական ֆուտբոլիստ է։ Կարծում եմ՝ նա շատ երջանիկ է «Ռեալում»։ Նա արդեն շատ գոլեր է խփել այս ակումբում ու հաստատ էլի կխփի»։

«Կամավինգան ու Մոդրիչը երկու անհավանական ֆուտբոլիստներ են՝ տարբեր հմտություններով։ Նրանց հետ խաղալը մեծ հաճույք է, որովհետև նրանք շատ բան կարող են անել՝ թիմի առաջադրանքները հեշտացնելու համար»։