Հոդվածներ

Անչելոտի․ «Նա է որոշելու՝ երբ կհեռանամ «Ռեալից»
07.03.2025
1353 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հարցազրույցից որոշ մտքեր

«Իմ ապագա՞ն։ Մի բանում վստահ եմ, որ «Ռեալը» լքելու որոշումը իմը չի լինի, այլ՝ Պերեսինը։ Ուշ թե շուտ դա տեղի կունենա»։

«Երբեմն ինձ թվում է, որ մեզ՝ մարզիչներիս, բավարար չեն գնահատում։ Կցանկանայի պատի վրա մի ճանճ լինել ու լսել՝ ինչ է ասում ֆուտբոլիստը, երբ չի խաղում ու վերադառնում է տուն։

Շատ խաղացողներ վիճել են ինձ հետ, խնդիրներ են առաջացել, բայց ի վերջո մենք լուծել ենք դրանք։ Մի ֆուտբոլիստ կար, ում անունը չեմ նշի, որը երեսը սրբիչով ծածկում էր, որպեսզի ինձ չլսի։ Դա նրա կարիերայի սկզբում էր, ու մի օր ես ասացի․ «Այսպես շարունակվել չի կարող»։

Կան նաև այնպիսիք, ովքեր, մնալով պահեստայինների նստարանին, հաջորդ օրը նույնիսկ դժկամությամբ են բարևում քեզ։ Այդ պահին նրանք խառնում են մարդուն ու ֆուտբոլիստին։ Ես միշտ ասում եմ․ «Դու ո՞վ ես»։ Դու, Ջակոմո, դերասան չես, այլ մարդ, որը խաղում է։ Մարդ, որը զբաղվում է իր սիրելի գործով։

Ֆուտբոլիստն ասում է․ «Ես ֆուտբոլիստ եմ»։ Ո՛չ, դու պարզապես խաղում ես ֆուտբոլ։ Ես էլ մարզիչ չեմ՝ ես մարզում եմ։ Ինձ վճարում են որոշումներ կայացնելու համար։ Որոշ խաղացողներ այդտեղ են շփոթվում։ Նրանք մտածում են․ «Կառլոն մարզիչ է, ուրեմն ես չեմ բարևի նրան [կայացված որոշման պատճառով]»։ Բայց երբ հասկանում են, որ դա պարզապես իմ աշխատանքն է, սկսում են բարևել։ Որոշներին ես բացատրել եմ դա, ու ի վերջո նրանք փոխվել են»։

«Իմ որդի Դավիդեն լավ մարզիչ է լինելու»։

«Ռասի՞զմ։ Ցավոք, դա դեռևս շատ արդիական խնդիր է։ Վինիսիուսը ուշադրության կենտրոնում է, բայց միայն նա չէ․ նույնը եղել է նաև Նիկո Ուիլյամսի դեպքում։ Նրանց վիրավորում են, որովհետև հիանալի ֆուտբոլիստնե՞ր են։ Դա կարող է արդարացում լինել, բայց այդպես չպետք է լինի։

Համոզված եմ, որ այս հարցում կարելի է լուրջ առաջընթաց գրանցել»։


Ամենակարդացված