Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» դարձավ Լա Լիգայի և ՉԼ-ի հաղթող։ Ինչպես գիտենք, բարդ է նման մրցաշրջանից հետո կրկին պահպանել ամեն բան հաղթելու մոտիվացին։ Կարլո Անչելոտիի առջև մի քանի խնդիրներ կան, որոնք նա պետք է լուծի մինչմրցաշրջանային հատվածում։
Թիմին են միացել Օրելիեն Չուամենին և Անտոնիո Ռյուդիգերը։ Իտալացի մասնագետի համար առաջնային է նրանց ինտեգրումը թիմին ճիշտ կազմակերպելը։
Չուամենին դեռ երիտասարդ է ու նման ակումբի կազմում խաղալու փորձ չունի։ Այդ հարցում նրան կօգնեն թիմի մյուս ֆրանսիացիները։ Ռյուդիգերը ավելի փորձառու է։ Նա հանդես է եկել Իտալիայում, Անգլիայում և Գերմանիայում, ուստի նրա համար ադապտացվելը ավելի հեշտ է լինելու։
Վարձակալությունից վերադարձել են Կուբոն և Ռեյները։ Նրանք գիտեն, որ հաջորդ մրցաշրջանի համար չեն մտնում «Ռեալի» ծրագրերի մեջ։ Այս հարցում Անչելոտին պետք է կարողանա ցույց տալ, որ թիմը ունի նրանց կարիքը։
Mundo Deportivo-ի փոխանցմամբ, եթե մինչմրցաշրջանային հատվածում Բորխա Մայորալը կարողանա դրական տպավորություն թողնել Անչելոտիի վրա, ապա գալիք մրցաշրջանում նա կլինի Բենզեմային փոխարինողը։
Մարզչի համար գլխացավանք է նաև Ասենսիոյի իրավիճակը։ Եթե ֆուտբոլիստը հեռանա «Ռեալից», ապա Անչելոտին պետք է որոշի, թե արդյո՞ք թիմին նոր հարձակվող է պետք։
Ռյուդիգերի տեղափոխությամբ պաշտպանությունում կարող են տեղի ունենալ փոփոխություններ։ Սակայն այստեղ մեկ այլ հարց է ծագում. արդյո՞ք անհրաժեշտություն կա փոփոխություններ կատարելու այն կազմում, որը հաղթել է ՉԼ-ն։ Եթե ամեն դեպքում Ռյուդիգերը դառնա հիմնական կազմի ֆուտբոլիստ, ապա մեծ հավանականությամբ հիմնական կազմում իր տեղը չի կարողանա պահպանել Ֆերլան Մենդին։
Բարդ է իրավիճակը Չուամենիի համար։ Անչելոտին պետք է որոշի, թե ինչպես նրան խաղալու և հարմարվելու հնարավորություն տա։
Սակայն ամենաբարդ խնդիրը իտալացի մասնագետի համար լինելու է թիմի մոտ հաղթելու ցանկությունը պահպանելը։ Նախորդ անգամ, երբ Անչելոտիի գլխավորությամբ «Ռեալը» նվաճեց ՉԼ-ն, հաջորդ մրցաշրջանում հնարավոր 6 տիտղոսներից նրանք նվաճեցին միայն մեկը՝ ԱԱԱ-ի գավաթը։ Բացի այդ պետք է նշել, որ վերջին անգամ «Ռեալը» Լա Լիգայում չեմիոնությունը պահպանել է 2008 թվականին։
Los Merengues, Realmadrid.am