Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը: Երևանի ժամանակով 15:00-ին մեկնարկած վիճակահանության արդյունքում «Արքայական ակումբին» 1/8 եզրափակիչում որպես մրցակից բաժին հասավ «Բենֆիկան»:
Վիճակահանությունը, սակայն, չեղարկվեց, քանի որ հաջորդող քայլերում տեղի ունեցավ տեխնիկական սխալ: Որպես «Վիլյառեալի» մրցակից զամբյուղից հանվեց «Մանչեսթեր Յունայթեդի» անվանական գնդակը: Թիմերը, սակայն, մրցակիցներ էին խմբային փուլում, ուստի չէին կարող մրցել նաև 1/8 եզրափակիչում: Վիճակահանությունը շարունակվեց. «Վիլյառեալին» բաժին հասավ «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդին»՝ ՊՍԺ-ն: Հիմնական խնդիրն այն է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հնարավոր մրցակիցների թվում էր նաև Մադրիդի «Ատլետիկոն», սակայն մանկունիական ակումբի անվանական գնդակը բացակայում էր «Ատլետիկոյի» հնարավոր մրցակիցների զամբյուղից: ՈՒԵՖԱ-ն «Ատլետիկոյի» բողոքի հիման վրա վիճակահանությունը կրկնելու որոշում կայացրեց:
Նոր վիճակահանությունը մեկնարկեց Երևանի ժամանակով 18:00-ին: Մադրիդի «Ռեալին» որպես մրցակից բաժին հասավ ֆրանսիական ՊՍԺ-ն:
Մյուս զույգերը՝
«Զալցբուրգ» – «Բավարիա»
«Սպորտինգ» – «Մանչեսթեր Սիթի»
«Բենֆիկա» – «Այաքս»
«Չելսի» – «Լիլ»
«Ատլետիկո Մադրիդ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
«Վիլյառեալ» – «Յուվենտուս»
«Ինտեր» – «Լիվերպուլ»
1/8 եզրափակիչ առաջին հանդիպումները կկայանան 2022 թվականի փետրվարի 15-16/22-23-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 8-9/15-16-ին: Առաջին խաղում «Ռեալը» կլինի հյուրի կարգավիճակով:
Fenomeno, Realmadrid.am