«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և Բրազիլիայի հավաքականի մարզիչ Կարլո Անչելոտին աշխատում են Վինիսիուս Ջունիորին օպտիմալ մարզավիճակի վերադարձնելու ուղղությամբ:
Okdiario-ն հայտնում է, որ արդեն մի քանի օր է, ինչ պորտուգալացի մասնագետը զբաղվում է խաղացողի հոգեբանական պատրաստությամբ։ Նա օգնում է բրազիլացուն ազատվել ավելորդ ճնշումից, մի կողմ դնել անպետք մտքերը, վերգտնել նախկին վստահությունը և չվախենալ սխալներ գործելուց:
Միևնույն ժամանակ նա մտածում է այն մասին, թե ինչպես խաղացողին ներառել կազմում։ Վինիսիուսի՝ չորս խաղով որակազրկման ֆոնին «Ռելաը» հաղթանակների շարք գրանցեց և հավասարակշռություն գտավ խաղում, իսկ Յան Դիոմանդեն իրեն լավ դրսևորեց հարձակման ձախ թևում:
Մոուրինյոյի նպատակն է վերադարձնել Վինիսիուսին գործողությունների ազատությունը, որպեսզի նա կրկին գնդակ խնդրի կորստից հետո, պաշտպանին շրջանցելու անհաջող փորձից հետո նորից փորձի, ամբողջությամբ ներգրավված մնա խաղի մեջ, նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում:
Ժոզեն հրապարակավ աջակցել է բրազիլացուն, սակայն խաղացողի դերը նրա կազմում կախված է թիմի ընթացիկ կարիքներից: Վերջին շաբաթներին «Ռեալն» ավելի կազմակերպված է դարձել, և մարզիչը ձգտում է պահպանել այդ կայունությունը: Խոսքը նաև պրեսինգի ժամանակ խաղընկերների հետ նրա փոխգործակցության, գնդակի կորստի պահին գործողությունների և այն մասին է, թե որտեղ է նրա համար ամենալավը ստանալ գնդակը՝ մրցակցի դարպասի մոտ սրություն ստեղծելու համար: Մոուրինյոն ցանկանում է օգտագործել պաշտպաններին շրջանցելու նրա կարողությունը՝ միաժամանակ ներառելով նրան մեկնարկային կազմում, որն արդեն սովորել է արդյունավետ հանդես գալ նաև առանց նրա:
Ինչ վերաբերում է Անչելոտիին, նա նախկինի պես վինգերին համարում է Բրազիլիայի հավաքականի առանցքային խաղացող: Իտալացին միջազգային դադարի ժամանակ Վինիին կտրամադրի խաղային պրակտիկա, որը նա վաղուց չուներ: Կարլոն համբերատարություն է ցուցաբերում, քանի որ գիտի, թե ինչի է ընդունակ այս խաղացողը: Նա Վինիին տալիս է գործողությունների ազատություն և սխալվելու իրավունք:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն