Գալիք ամռանը «Ռեալը» որոշում է կայացնելու երկու կենտրոնական պաշտպանների հետագա կարիերայի շուրջ։
As-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» առաջին հերթին կենտրոնանալու է Վարանի վրա, որից հետո նոր որոշում կկայացնեն Ռամոսի ապագայի վերաբերյալ։ Նշվում է, որ Ռամոսի ապագան «Ռեալում» կախված է Վարանի որոշումից։
Դեռ մի քանի ամիս առաջ ակումբը նոր պայմանագիր էր առաջարկել ֆրանսիացուն, սակայն վերջինիս այն քիչ էր հետաքրքրել։ Մի քանի շաբաթ առաջ Վարանի հարազատները «Ռեալին» առաջարկով են դիմել, որը ներառում է աշխատավարձի զգալի բարձրացում, սակայն այդ պայմանները չեն գոհացնում «Ռեալին», որը այժմ ֆինանսական խնդիրներ ունի։ Ակումբը նոր պայմանագրեր է կնքում ֆուտբոլիստների հետ աշխատավարձերի նվազմամբ, և Վարանը բացառություն չի լինելու։
Մադրիդյան ակումբում իսկապես սկսել են դիտարկել Վարանի տրանսֆերային իրավունքները վաճառելու հարցը։ Ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատում է մոտ 70 մլն եվրո։
«Ռեալը» արդեն համաձայնության է հասել Դավիդ Ալաբայի հետ։ Մյուս կողմից թիմը իր տրամադրության տակ ունի Նաչո Ֆերնանդեսին և Էդեր Միլիտաոյին։ Այսպիսով «Ռեալը» իրեն կարող է թույլ տալ ևս մեկ կենտրոնական պաշտպան ունենալ, և դա կլինի կամ Վարանը, կամ Ռամոսը։
Եթե հայտնվի ակումբ, որը պատրաստ կլինի ձեռք բերել Վարանին, ապա Ռամոսը ամենայն հավանականությամբ կմնա թիմում։
Los Merengues, Realmadrid.am