<p><br></p><p><br></p>Ի պատասխան Լա Լիգայի նախագահ և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի փոխնախագահ Խավիեր Տեբասի հայտարարությունների, որոնցում նա «Ռեալ Մադրիդի» ղեկավարության գործելաոճը համեմատում է նացիստական ռեժիմի քարոզչության նախարար Յոզեֆ Գեբելսի մեթոդների հետ՝ մատնանշելով «Real Madrid Television»-ը որպես այդ ենթադրյալ ռազմավարության գործիք, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը հայտարարում է հետևյալը.
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը բացարձակապես անթույլատրելի և չափազանց լուրջ է համարում այն փաստը, որ իսպանական ֆուտբոլում երկու բարձրագույն պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձը, ակումբը, դրա ղեկավարությունն ու հեռուստաալիքը վարկաբեկելու նպատակով, դիմում է դրա քարոզչական մեթոդները նացիստական ռեժիմի մեթոդների հետ համեմատելու քայլին: Այն պարզաբանումը, թե նա նկատի չունի նացիստական գաղափարախոսությունը, չի նվազեցնում նրա հայտարարությունների խորապես վիրավորական, բարոյապես հակասական և ինստիտուցիոնալ առումով անարժանապատիվ բնույթը:
Այս հայտարարությունները հերթական դրվագն են «Ռեալ Մադրիդի», նրա նախագահի և լրատվամիջոցների դեմ Խավիեր Տեբասի պարբերական հարձակումների շարքում: Անընդունելի է, որ նա նույնիսկ օգտագործում է ակումբից դուրս գտնվող լրագրողների հարցերը, տեղեկությունները կամ կարծիքները՝ իր նվաստացուցիչ արտահայտություններն ուղղելու մեր դեմ՝ մեզ վերագրելով երրորդ անձանց գործողությունները, որոնց համար մենք որևէ պատասխանատվություն չենք կրում:
Հատկապես լուրջ է այն փաստը, որ Տեբասն օգտագործում է այս հայտարարությունները՝ կասկածի տակ դնելու «Ռեալ Մադրիդի» և «Real Madrid Television»-ի օրինական գործողությունները Նեգրեյրայի գործի առնչությամբ:
Հաշվի առնելով այն երկու կառույցների կողմից արձագանքի բացակայությունը Նեգրեյրայի գործի արտակարգ ծանրությանը, որտեղ Խավիեր Տեբասը զբաղեցնում է առաջնային կարևորության պաշտոններ, մեր ակումբը ստիպված է եղել ուղղակիորեն դիմել ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով ամբողջական հետաքննություն անցկացնել «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի կողմից տարիներ շարունակ Մրցավարների տեխնիկական կոմիտեի փոխնախագահին կատարված վճարումների վերաբերյալ, և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ մրցաշարերի մաքրությունն ու արդարությունը երաշխավորելու համար:
«Ռեալ Մադրիդը» նաև պահանջում է մրցավարական համակարգի և ֆեդերացիայի կառավարման, ղեկավարման, վերահսկողական ու կարգապահական կառույցների հիմնովին վերանայում՝ փոխարինելով այն անձանց, ովքեր այդ ժամանակահատվածում զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ:
Հատկանշական է, որ Խավիեր Տեբասը՝ Լա Լիգայի նախագահը և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի փոխնախագահը, իր ջանքերն ուղղում է «Ռեալ Մադրիդին» վարկաբեկելուն, փոխանակ իր իսնտիտուցիոնալ պարտականություններից ելնելով՝ նպաստի այս չափազանց լուրջ իրադարձությունների բացահայտմանը և իսպանական ֆուտբոլի անհրաժեշտ առողջացմանը:
Խավիեր Տեբասի պարբերական վարքագիծը ցույց է տալիս չեզոքության, հարգանքի և անկողմնակալության պակաս, ինչն անհամատեղելի է նրա ինստիտուցիոնալ պարտականությունների հետ: Նրա մշտական հարձակումները «Ռեալ Մադրիդի» և նրանց դեմ, ովքեր պահանջում են թափանցիկություն ու բարեփոխումներ, մեր ակումբի կարծիքով, իսկական պատուհաս են իսպանական ֆուտբոլի համար:
Այս բոլոր պատճառներով՝ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը գտնում է, որ Խավիեր Տեբասի պարբերական հայտարարություններն ու վարքագիծն անընդունելի կլինեին եվրոպական ցանկացած մարզական կառույցում, որը առաջնորդվում է հարգանքի, չեզոքության և ազնվության սկզբունքներով, և դրանք նրան ինստիտուցիոնալ առումով զրկում են իր զբաղեցրած պաշտոններում մնալու իրավունքից:
Հետևաբար, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը պահանջում է նրա անհապաղ հրաժարականը Լա Լիգայի նախագահի և Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոններից:
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը կշարունակի պաշտպանել իր իրավունքները, իր ինստիտուցիոնալ հեղինակությունը, Նեգրեյրայի գործի լիակատար բացահայտումն ու իսպանական ֆուտբոլի անհրաժեշտ առողջացումը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն