«Ռիասոր» մարզադաշտում կայացած «Ռեալ Մադրիդ» - «Դեպորտիվո» հանդիպումից հետո Ժոզե Մոուրինիոն կիսվել է իր տպավորություններով։ Այդ խաղում «Ռեալը» նվաճեց Տերեսա Հերերայի գավաթը։
«Սա լուրջ հանդիպում էր Լա Լիգա վերադարձող թիմի դեմ: Այս գավաթը նրանց համար հարուստ ավանդույթներ ունի, և նրանք ներդրեցին իրենց ողջ ուժերը: Նրանք ստիպեցին մեզ լուրջ խաղալ։ Դժվարին խաղ էր»:
«Ակնհայտ է, որ ես ստիպված եմ փոփոխություններ կատարել, քանի որ պետք է բոլորին հնարավորություն տամ: Չեմ ցանկանում չափից շատ րոպեներ տալ նույն խաղացողներին: Այսօր 45 րոպե խաղաց Վալվերդեն, և 45 րոպե՝ Արդա Գյուլերը: Խնդիրն այն չէ, որ այս խաղը միայն հաղթելու մասին է (թեև հաղթելն էլ է կարևոր), այլ ավելի շատ աշխատելու, խաղաժամանակ տրամադրելու և փորձարկումներ անելու մասին է»:
«Մի բան, որն ինձ դուր է գալիս, այն է, որ այսպիսի դժվարին խաղում և այսքան շատ փոփոխություններով (ոչ միայն խաղացողների, այլև կառուցվածքի ու դերերի), թիմը խաղաց արդյունքի համար: Մենք Լա Լիգայում շատ այսպիսի հանդիպումներ կունենանք, հիմնականում՝ արտագնա, որտեղ հնարավոր չի լինի հեշտությամբ վերջակետ դնել խաղին: Իսկ երբ դա անում ես, հաղթում ես, նույնիսկ եթե դա 1-0 հաշվով է, ինչպես հաղթեցինք այսօր: Դրականն այն է, որ թիմն աճում է: Վալդեբեբասում կան հինգ խաղացողներ, ովքեր այստեղ չեն եղել, և դուք արդեն գիտեք, թե ովքեր են նրանք: Մենք առաջ ենք շարժվում քայլ առ քայլ, և հաջորդ շաբաթ ամեն ինչ ավելի լուրջ կլինի»։
Թիմի առաջընթացը.
«Թիմն առաջադիմում է բոլոր առումներով, բայց ակնհայտ է, որ խաղերի բարդությունը գնալով մեծանում է: Հրաշալի է լինել այստեղ՝ այսպիսի մթնոլորտում: Մենք գիտենք, որ այս ամառային մրցաշարերն ունեն այն արժեքը, որն ունեն: Տանտերերը, ավանդույթի և մշակույթի բերումով, ցանկանում են իրենց գավաթը: Այսպիսի մրցակցությունը շատ լավ մարզում է մեզ համար». նշել է Ժոզեն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն