• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմ. «Մենք ցանկանում ենք հաղթել «Բավարիային» և նվաճել Չեմպիոնների լիգան»

Հոդվածներ

Բելինգեմ. «Մենք ցանկանում ենք հաղթել «Բավարիային» և նվաճել Չեմպիոնների լիգան»
15.04.2026
578 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Բավարիային»։ Առաջին խաղում ճերմակ թիմը 1։2 հաշվով պարտություն է կրել։

«Մադրիդի» կիսապաշտպանի նախախաղային մամուլի ասուլիսը

«Բավարիայի» դեմ խաղում մեզ համար ամենակարևորը լիարժեք կենտրոնացումն է, յուրաքանչյուր դրվագում մինչև վերջ պայքարելը և հանդիպումը լավ սկսելը: Վաղվա խաղը մեզ համար եզրափակիչ է, ուստի մենք դաշտում կներդնենք մեր ողջ ուժերը: Մենք ուզում ենք հաղթել «Բավարիային» և տիրանալ Չեմպիոնների լիգայի գավաթին:

Հաշվի առնելով մեր վիճակը Լա լիգայում, ինչպես նաև արքայական գավաթից դուրս մնալը, մենք չենք ուզում, որ մայիսի սկզբին արդեն դադարենք պայքարել տիտղոսների համար:

Թեև Պրիմերայում պայքարը դեռ չի ավարտվել, մենք չափազանց շատ միավորներ ենք կորցրել: Չի կարելի միավորներ շռայլել «Խետաֆեի» կամ «Սելտայի» պես թիմերի հետ խաղերում, եթե ուզում ես հաղթել առաջնությունում:

Իհարկե, մենք չենք համարում, թե 100%-ով կորցրել ենք շանսերը Լա լիգայում, բայց հասկանում ենք, թե ինչ սարսափելի վիճակի մեջ ենք մեզ գցել: Այնուամենայնիվ, եթե վաղը դուրս գանք ՉԼ կիսաեզրափակիչ, Պրիմերայի համար պայքարը կարող է մի փոքր մղվել երկրորդ պլան: Այնպես որ, ամեն ինչ կախված է հենց վաղվա խաղից»:

«Ընթացիկ մրցաշրջանը շատ հիասթափեցնող էր ինձ համար, հատկապես վնասվածքներիս պատճառով: Մենթալ առումով շատ ծանր է վերադառնալ շարք վնասվածքներից ապաքինվելուց հետո»:

 «Ձախողում կհամարե՞մ, եթե չիրականացնենք «ռեմոնտադան»: Այո՛, մենք պետք է հենց այդպես վերաբերվենք դրան: Ցանկացած պարտություն ՉԼ-ում աղետ է, առավել ևս՝ հաշվի առնելով մեր վիճակը մյուս մրցաշարերում: Վաղը մեզ սպասում է «ամեն ինչ կամ ոչինչ»:

«Իմ դիրքի մասին, որում հանդես եմ գալիս վերջին երկու մրցաշրջաններու՞մ. անկասկած, «Մադրիդում» իմ նորամուտի մրցաշրջանից հետո ես սկսել եմ խաղալ այլ դիրքում:

23/24 մրցաշրջանում խաղում էի հարձակվողների զույգի թիկունքում, անցյալ մրցաշրջանում՝ ձախ թևին ավելի մոտ, իսկ այս մրցաշրջանում անընդհատ տեղաշարժվում եմ ողջ դաշտով մեկ: Ընդ որում, սկսել եմ խաղալ մի փոքր ավելի խորքից այն պահից, երբ Արբելոան ստանձնեց թիմի ղեկը:

Այսպես թե այնպես, երբ ես շատ գոլեր եմ խփում, բոլորն ուզում են, որ խաղամ մրցակցի դարպասին մոտ, իսկ երբ չեմ խփում՝ բոլորը կարծում են, թե պետք է ավելի խորքից գործեմ»:

 «Լրատվամիջոցներում իմ անձնական կյանքի մասին բազմաթիվ լուրեր են հայտնվել, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Գրում էին, թե ես անընդհատ գիշերային ակումբներ եմ գնում, շատ ալկոհոլ եմ օգտագործում, մի խոսքով՝ ինչ ասես գրում էին: Սակայն այդ լուրերը կատարյալ սուտ են»:

«Ես, Մբապեն և Վինիսիուսը վա՞տ ենք համագործակցում դաշտում: Դժվար է պատասխանել այդ հարցին: Եղել են խաղեր, որտեղ մենք միասին հիանալի ենք հանդես եկել: Հնարավոր է՝ երբեմն մենք չափից շատ ենք կպչում հարձակման ձախ թևին, ուստի եթե ես լինեմ աջ կողմում, կկարողանամ ապահովել թիմի խաղային հավասարակշռությունը:

Ամեն դեպքում, մարդիկ գուցե տեսնում են բաժակի դատարկ կեսը: Ես չեմ անհանգստանում դրա համար: Վստահ եմ՝ Կիլիանն ու Վինիսիուսը կարող են հաղթանակներ պարգևել «Մադրիդին»:

«Քեյնը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նրա հետ Անգլիայի հավաքականում հանդես գալն ինձ համար հպարտություն է: Բայց հուսով եմ՝ վաղը նա իրեն լավագույնս չի դրսևորի»:

«Հնարավոր հետխաղյա 11-մետրանոցնե՞ր: Կարծում եմ՝ բոլորն էլ կցանկանային խուսափել դրանից: Իդեալական կլիներ, եթե կարողանայինք հաղթել «Բավարիային» հիմնական ժամանակում: Այնուամենայնիվ, մենք պատրաստ կլինենք ցանկացած սցենարի»:


Ամենակարդացված