Հոդվածներ

«Բավարիա» - «Ռեալ Մադրիդ». Գայլի երախում
15.04.2026
145 0

«Բավարիան» այս Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ դեռ պարտություն չի կրել և ընդունել է ընդամենը երեք գոլ, մինչդեռ «սերուցքայինները» այն թիմն են, որոնք 2008-ից ի վեր ամենաշատն են հաղթել «Ալյանց Արենայում»:

«Ալյանց Արենան» ամբողջ եվրոպական մրցաշրջանի ընթացքում զբաղված է նույն գործով՝ մրցակիցներին «կուլ տալով»: «Չելսին», «Բրյուգեն», «Սպորտինգը», «Յունիոն Սեն-Ժիլուազը» և «Ատալանտան» նրա զոհերից են: Հինգ թիմեր, որոնք ներս մտան այդ կարմիր դռներով և տուն վերադարձան դատարկաձեռն: 16 խփած գոլ՝ յուրաքանչյուր խաղում միջինը երեքից ավելի գնդակ: «Արսենալի» հետ մեկտեղ սա Չեմպիոնների լիգայի ամենաանառիկ մարզադաշտն է:

Այս չորեքշաբթի հերթը «Ռեալ Մադրիդինն» է: Մնալով առանց Լալիգայի և առանց գավաթի՝ Արբելոան առաջին խաղից հետո ցույց տվեց ճանապարհը. «Ով չի հավատում, կարող է մնալ Մադրիդում, որովհետև մենք գնալու ենք մինչև վերջ»: Հնարավոր է՝ առանց վախի խաղալը միակ բանն է, որ նրանց մնացել է: Հնարավոր է՝ դա բավարար լինի, թեև կա մի բան, որը թվերը չեն ասում, բայց պետք է իմանալ. սեփական հարկի տակ «Բավարիան» ամբողջ Չեմպիոնների լիգայում ընդունել է ընդամենը երեք գոլ (երկուսը մրցակցից, մեկը՝ ինքնագոլ): Սա լավագույն ցուցանիշն է դեռ պայքարը շարունակող թիմերի մեջ:

Պատնեշը միայն Նոյերը չէ

Պատնեշը միայն դարպասապահը չէ, այլ ամբողջ համակարգը, որը թույլ չի տալիս մրցակցին հասնել դարպասին: Այս մեթոդը նրանց օգնեց գերազանցել մեկ մրցաշրջանում խփած գոլերի ռեկորդը: Սակայն կա մի ճաք. «Բեռնաբեուում» կայացած առաջին խաղում Մբապեն ու Վինիսիուսը հինգ անգամ հայտնվեցին դարպասի դիմաց, և 40-ամյա գերմանացին հերթով փրկեց իր թիմին՝ դառնալով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Դժվար կոտրվող ընկույզ

Պատմությունը, սակայն, ամբողջությամբ «Ռեալի» կողմից չէ: Այն երկու դեպքերում, երբ Մադրիդը Մյունխեն է ժամանել առանց ընդհանուր հաշվի մեջ առավելության, դուրս է մնացել պայքարից: 1976-ին «Բեռնաբեուում» 1։1 խաղալուց հետո Մյունխենում պարտվեցին 2։0: 2001-ին տանը պարտվեցին 0։1 և նորից պարտվեցին Գերմանիայում (1։2):

Մյուս կողմից, ամեն անգամ, երբ «Ռեալին» հաջողվել է դրական արդյունքի հասնել Մյունխենում (2014, 2017, 2018 և 2024 թվականներին), նրանք այդ տարի բարձրացրել են Չեմպիոնների լիգայի գավաթը: Առանց բացառության: Պատահական չէ, որ «Ռեալը» այն թիմն է, որը 2008-ից ի վեր ամենաշատ հաղթանակներն է տարել «Ալյանց Արենայում» (3 հաղթանակ):

Այս տարի հինգ մրցակից փորձեցին իրենց բախտը բավարական «ամրոցում», և հինգն էլ տուն վերադարձան դատարկաձեռն՝ բախվելով «մսաղացին», որը սեփական հարկի տակ ոչ մի միավոր չի զիջել: «Ռեալը» վեցերորդ հյուրն է: Թերևս «Ալյանցը» երբեք չի վախեցրել «սերուցքայիններին» այնպես, ինչպես մյուսներին, նույնիսկ այն հայտնի գիշերը, երբ գերմանացիները խոստանում էին, որ Մյունխենում «նույնիսկ ծառերն են այրվելու»:


Ամենակարդացված