Էլիաս Իսրայել, Marca.com
Քիչ անգամ կարելի է հիշել մի թիմ, որը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի նման մակարդակում գնդակը խաղի մեջ մտցնելիս այդքան շատ սխալներ թույլ տա, որքան «Ռեալը» երեկ երեկոյան: Նրա դիմաց եվրոպական գերտերություն էր՝ մի շատ հետաքրքիր թիմ իր նպատակներով ու անփոփոխ փիլիսոփայությամբ, անկախ նրանից՝ հաշիվն իրենց օգտին է, թե ոչ: Մի թիմ, որը երբեք չի դադարում գրոհել, և դա մեր ժամանակներում հրաշալի անոմալիա է: Վենսան Կոմպանին՝ ռեփերին բնորոշ հագուստով այդ մեծ մարզիչը, հասել է նրան, որ իր «Բավարիան» հիանալի հանգավորված ֆուտբոլ է խաղում. մրցակիցը միշտ թվում է, թե ուշանում է բառերից, իսկ երբ փորձում ես հետևել երգին, նրանք արդեն հաջորդ տունն են երգում: Ցանկացած այլ թիմ այս ամենի տակ ուղղակի կփլուզվեր:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի Օլիսեն: Նրա ելույթը «Սանտիագո Բեռնաբեուում» դեռ երկար կհիշվի: «Բավարիայի» ֆրանսիացին իսկական մղձավանջ էր Կարերասի համար, ով այդպես էլ չկարողացավ նրանից գնդակ խլել և վստահաբար կորցրել է քունը մինչև հաջորդ չորեքշաբթի: Այնպիսի խաղացողներից է, որ ստիպում է մտածել՝ թե որտե՞ղ էին «Ռեալի» սկաուտները, երբ թույլ տվեցին նման մարգարիտին ձեռքից բաց թողնել: Իսկական բարձրակարգ վարպետ: Մենդիի ներկայությունը հիմա ավելի քան անհրաժեշտ է թվում:
«Մադրիդը» դիմացավ հարվածին՝ չնայած բազմաթիվ զիջումներին: Եվ դա այն դեպքում, երբ Մբապեն ու Վինիսիուսը չունեին այն ոգեշնչումը, որը սպասվում է համաշխարհային աստղերից: Նրանց դիմաց մի «քառասունամյա» էր, ում վրա տարիները կարծես չեն ազդում:
Մբապեի գոլը եղավ Տրենտ Ալեքսանդր Արնոլդի հանճարեղ փոխանցումից հետո: Այդ անկանխատեսելի խաղացողը կարող է լինել «Մադրիդի» լավագույնն ու վատագույնը նույն խաղում: Գերմանական թիմը սկսեց զգալ, որ վիրավոր «Մադրիդը» Չեմպիոնների լիգայում աշխարհի ամենավտանգավոր մրցակիցն է: Արբելոայի թիմը դարձավ ուղղահայաց և քաոսի մեջ ապրեց իր պահը, որտեղ կարող էր ևս մեկ հրաշք գործել: «Բավարիան» էլ իր հերթին շատ պահեր ներեց: Լավագույնն այն է, որ Մյունխեն ենք գնում «ողջ մնացած»: Ցանկացած այլ թիմի համար կիսաեզրափակիչի մասին մտածելը երազանք կլիներ, բայց «Մադրիդի» դեպքում ամեն ինչ հնարավոր է...
Հայերեն