• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալը» պաշտոնապես հայտնեց, որ կարգապահական վարույթ է սկսել Վալվերդեի և Չուամենիի մասնակցությամբ միջադեպերի վերաբերյալ

Հոդվածներ

«Ռեալը» պաշտոնապես հայտնեց, որ կարգապահական վարույթ է սկսել Վալվերդեի և Չուամենիի մասնակցությամբ միջադեպերի վերաբերյալ
08.05.2026
1762 0

Ֆեդերիկո Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց թիմակցի՝ Օրելյեն Չուամենիի հետ հանդերձարանում տեղի ունեցած միջադեպից հետո՝ «Բարսելոնայի» դեմ վճռորոշ հանդիպումից ընդամենը երեք օր առաջ, հայտնում է Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը։

Ակումբը հաստատել էր, որ Վալվերդեի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք, ու նա մասնակի կորցրել է հիշոցությունը։ 

«Վալվերդեն այժմ տանն է և իրեն լավ է զգում։ Բժշկական կանոնակարգի համաձայն՝ նա պետք է հանգստանա 10-14 օր», նշված է հայտարարության մեջ։

Քիչ առաջ «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ տեղեկացրել է, որ երկու ֆուտբոլիստների նկատմամբ կարգապահական վարույթ է սկսել՝ այս առավոտ առաջին թիմի մարզման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի պատճառով։

BBC Sport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ուրուգվայցի կիսապաշտպանը բախման ընթացքում վայր է ընկել, գլխով հարվածել սեղանի եզրին ու կորցրել գիտակցությունը, իսկ ESPN-ը հայտնում է, որ նրան նույնիսկ կարեր են դրել։

Լարվածությունը երկու ֆուտբոլիստների միջև սկսվել էր դեռևս չորեքշաբթի օրվա մարզման ժամանակ։ Նրանց վիճաբանությունը շարունակվել է նաև հանդերձարանում, սակայն այդ պահին ֆիզիկական բախման չէր վերածվել։

Հինգշաբթի տեղի ունեցած միջադեպը, ըստ տեղեկությունների, եղել է «Վալդեբեբասի» մարզաբազայում մարզումից հետո, երբ Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Չուամենին մոտեցել է Վալվերդեին, և խոսակցությունը վերածվել է ծեծկռտուքի։

Դեպքից հետո հրավիրվել է արտակարգ ժողով՝ Ֆլորենտինո Պերեսի, ակումբի ղեկավարության, գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի և թիմի ավագ Դանի Կարվախալի մասնակցությամբ։

«Ռեալը» նաև նշել է, որ կտրամադրի լրացուցիչ տեղեկություն ներքին ընթացակարգերի ավարտից հետո։

Իսպանական մամուլի փոխանցմամբ՝ ակումբում որոշ աշխատակիցներ այս միջադեպը բնութագրել են որպես ««Վալդեբեբասի» տարածքում  երբևէ տեղի ունեցած ամենալուրջ դեպքը»։ Նշվում է նաև, որ «Ռեալը» ներքին հետաքննություն է սկսել, և երկու խաղացողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական միջոցներ։

Հիշեցնենք, որ սա «Ռեալի» հանդերձարանում վերջին օրերին արձանագրված առաջին լարվածությունը չէ։ Ավելի վաղ Ալվարո Կարերասը ստիպված էր արձագանքել լուրերին, թե ինքը կոնֆլիկտ է ունեցել Անտոնիո Ռյուդիգերի հետ։

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված