• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Արբելոա. «Դերբին շատ կարևոր է, և մենք այն դիմավորում ենք առավելագույն խանդավառությամբ»

Հոդվածներ

Արբելոա. «Դերբին շատ կարևոր է, և մենք այն դիմավորում ենք առավելագույն խանդավառությամբ»
22.03.2026
134 0

Ալվարո Արբելոան ելույթի խոսքով հանդես է եկել «Ռեալ Մադրիդ Սիթիի» մամուլի սրահում և վերլուծել Լա լիգայի 29-րդ տուրի դերբին (23.03.2026 00:00). «Մենք սրան սպասում ենք մեծ ցանկությամբ: Գիտենք, որ սա շատ կարևոր խաղ է մեզ համար՝ հաշվի առնելով այս երեք միավորների նշանակությունը, երկրպագուներին և այն հիանալի մթնոլորտը, որ տիրում է մարզադաշտում վերջին խաղերին: Սա լավագույն խաղերից է, որ կարող ես ունենալ որպես խաղացող, հանդիսատես և, վստահաբար, որպես մարզիչ»:

«Ինձ համար բախտավորություն է մրցել այնպիսի մարզիչների դեմ, ինչպիսին Դիեգո Սիմեոնեն է: Նա արդեն երկար տարիներ «Ատլետիկոյում» ապացուցում է իր որակը, տաղանդը և այն մակարդակը, որին հասցրել է թիմին: Նա այնպիսի մարզիչ է, ով քեզ ստիպում է տալ առավելագույնը և շատ երկար մտածել խաղի շուրջ»:

Կուրտուայի վնասվածքը

«Ամեն անգամ, երբ խաղացողը դաշտ է դուրս գալիս, ռիսկ կա: Շատ քիչ ֆուտբոլիստներ են դաշտ դուրս գալիս 100%-ով պատրաստ, առանց ցավի կամ անհանգստության: Դա նորմալ է պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Ընդմիջմանը Կուրտուան ուզում էր շարունակել, բայց ես որոշեցի կանգ առնել՝ նաև այն մեծ վստահության պատճառով, որն ունեմ Լունինի հանդեպ: Նա բազմիցս ապացուցել է, թե որքան մեծ դարպասապահ է»:

Մբապեի և Բելինգեմի վերադարձը

«Ես ձեզ ասել էի՝ այն օրը, երբ Մբապեն վերադառնա, կլինի 100%-ով պատրաստ: Մանչեսթերում նա դա ապացուցեց: Նա հաստատ կխաղա վաղը: Նույնը վերաբերում է Բելինգեմին. նա արդեն հասանելի է և վաղը կլինի հայտացուցակում: Ես շատ եմ ուզում նրան տեսնել դաշտում»:

Արդյո՞ք Բելինգեմի վերադարձը նշանակում է Տիագո Պիտարչի դուրս մնալը մեկնարկային կազմից

«Երբ հասնենք այդ գետին, այն ժամանակ էլ կանցնենք կամուրջը: Բելինգեմի վերադարձը հիանալի նորություն է, բայց Տիագոյի այսպիսի խաղը նույնպես հիանալի է: Սա «երանելի խնդիր» է՝ ընտրություն կատարել մեծ խաղացողների միջև: Ավելին՝ նրանք կարող են խաղալ միասին: Այնպես չէ, որ եթե Բելինգեմը խաղա, Տիագոն պետք է դադարի խաղալ»:

Կանտերան (ակադեմիան)

«Ռեալի» կազմում աշխարհի լավագույններն են, բայց կանտերան ապացուցեց, որ ոչ միայն կարող է օգնել, այլև բարձր մակարդակ ապահովել թիմի համար բարդ իրավիճակում: Տիագոն, Մանուել Անխելը, Պալասիոսը, Յանյեսը... սա պարզապես փիլիսոփայություն չէ, ես հավատում եմ այս խաղացողներին: Ես նրանց լավ եմ ճանաչում և գիտեմ նրանց պոտենցիալը»:

Ռյուդիգերն ու Կարվախալը

«Եթե ինձ հարցնեք, ես պատրաստ եմ Ռյուդիգերի արձանը կանգնեցնել իմ այգում: Նա առաջին իսկ օրվանից պատրաստակամ է եղել: Ինչ վերաբերում է Կարվախալին, նա առաջնորդ է դաշտում և դաշտից դուրս: Մեզ հենց նման առաջնորդներ են պետք»: