Կուրտուայի վերջին վնասվածքով «Ռեալ Մադրիդի» կրած վնասվածքների թիվն այս մրցաշրջանում հասավ 51-ի։ Օրացույցը սարսափելի է. 2 վնասվածք օգոստոսին, 4՝ սեպտեմբերին, 7՝ հոկտեմբերին, 11՝ նոյեմբերին, 7՝ դեկտեմբերին, 7՝ հունվարին, 7՝ փետրվարին և 6՝ մարտին։ Այս հանգամանքն է՛լ ավելի մեծ արժեք է տալիս թիմի վերջին հաջողություններին։ 10 բացակայով հաղթեցին «Սելտային» և «Էլչեին», իսկ յոթ ու ութ բացակայով ջախջախեցին «Սիթիին» և գրավեցին «Էթիհադը»։ Հիմա՝ հինգ բացակայով և երեք նոր ապաքինված խաղացողներով, նրանք կմոտենան դերբիին։
Բացակաների անդադար հոսքը
Դրաման այնպիսին է, որ դեռ օգոստոսին՝ մրցաշարի մեկնարկին, «Մադրիդն» արդեն ուներ բացականեր։ Խաբի Ալոնսոն չէր կարող հույս դնել Մենդիի, Բելինգեմի, Էնդրիկի և Կամավինգայի վրա։ Վերջինիս դեպքում ֆրանսիացին առաջինն էր, ով շարքից դուրս եկավ օգոստոսի 8-ին ստացած վնասվածքի պատճառով, ինչը նրան 38 օր հեռու պահեց դաշտից։ Կամավինգան «բացեց» հիվանդասենյակը, որն այդ պահից ի վեր չդադարեց խաղացողներ ընդունել։ Այս պահին արդեն 19 խաղացող վնասվածք է ստացել (երկուսը վիրահատվել են՝ Կարվախալն ու Ռոդրիգոն), և միայն հինգին է հաջողվել խուսափել բժիշկներից. Վինիսիուս, Գյուլեր, Բրահիմ, Ֆրան Գարսիա և Գոնսալո։
«Ռեալ Մադրիդը» Պրիմերայի երկրորդ թիմն է վնասվածքների քանակով՝ զիջելով միայն «Սևիլիային» (53)։ Սա կտրուկ տարբերվում է «Բարսելոնայի» (37) կամ «Ատլետիկոյի» (32) ցուցանիշներից։
Ակումբը միջոցներ ձեռնարկեց
Բացակաների անդադար հոսքը թույլ չի տվել ո՛չ Խաբի Ալոնսոյին, ո՛չ էլ Արբելոային գեթ մեկ անգամ տնօրինել ամբողջական կազմը։ Ռոդրիգոյի ծնկի ծանր վնասվածքից հետո դա այլևս տեղի չի ունենա մինչև մրցաշրջանի ավարտը։ Մբապեն այն խաղացողն է, ով ամենաշատն է վնասվածք ստացել (ութ անգամ), իսկ Մենդին ամենաշատ խաղերն է բաց թողել (26)։
Բացի Մենդիից, ևս երեք խաղացող հատել են 20 բաց թողած խաղերի սահմանը՝ Միլիտաո (24), Ռյուդիգեր (22) և Տրենտ (21)։ Ավելի քան 100 օր բացակայել են հինգը՝ Մենդին, Միլիտաոն, Ռյուդիգերը, Տրենտը և Կարվախալը։ Այս իրավիճակը ստիպեց ակումբին միջամտել՝ վերադարձնելով Պինտուսին ֆիզպատրաստության գլխավորի պաշտոնում և Նիկո Միհիչին՝ որպես բժշկական վերահսկող։
Հայերեն