Այն, որ «Ռեալը» գոլ է խփում խաղավերջում, նորություն չէ. դա կարծես թիմի ԴՆԹ-ի մի մասն է:
Եվ դա ևս մեկ անգամ ապացուցվեց Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ հանդիպմանը: Երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, ու խաղը փրկել հնարավոր չէ, «Ռեալն» ակտիվանում է:
Հիմնական ժամանակի ավարտից ընդամենը երկու րոպե առաջ Կարիմ Բենզեման հրաշալի փոխանցումով դարպասապահի հետ մեն-մենակ դուրս բերեց Կազեմիրոյին: Բրազիլացին չշտապեց: Նա գնդակը վերադարձրեց Բենզեմային, իսկ ֆրանսիացին գրավեց անպաշտպան դարպասը:
Մեկ շաբաթ առաջ էլ Վինիսիուսը խաղավերջում գոլ խփեց, ու «Ռեալը» խուսափեց պարտությունից՝ ոչ-ոքի խաղալով «Ռեալ Սոսիեդադի» հետ:
Բերգամոյում էլ Ֆեռլան Մենդին հաղթական գոլ խփեց խաղավերջում, ու «Ռեալն» «Ատալանտային» հաղթեց նվազագույն հաշվով՝ չնայած նրան, որ գրեթե խաղասկզբից մրցակիցը 10 ֆուտբոլիստով էր:
Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» 85-րդ րոպեից հետո 12 գոլ է խփել:
Այդ գոլերից ոչ բոլորն են մեծ կարևորություն ունեցել, սակայն «Ատլետիկոյի», «Ռեալ Սոսիեդադի» ու «Ատալանտայի» դեմ խաղերը ցույց են տալիս, որ «Ռեալը» պայքարում է մինչև վերջ, մինչև գլխավոր մրցավարի՝ խաղի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը:
Fenomeno, Realmadrid.am