Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կմրցի «Լեգանեսի» հետ (30.03.2025, 00:00):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Ֆուտբոլիստները շատ լավ ֆիզիկական վիճակում են միջազգային դադարից հետո։ Իրենց հավաքականներից վերադարձած ֆուտբոլիստներն ունեին բավական ժամանակ վերականգնվելու համար, քանի որ ես կարողացա նրանց մի քանի հանգստյան օրեր տրամադրել։
Վաղը սկսվում է մրցաշրջանի վերջնական հատվածը։ Այս պահին «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, բայց մենք դեռ պետք է խաղանք առաջնության երկրորդ շրջանի «Էլ Կլասիկոն»։ Ամեն դեպքում, դեռ շատ տուրեր կան առջևում»։
«Վինիսիուսը կհանգստանա՞ «Լեգանեսի» դեմ խաղում։ Կտեսնենք, նա վերադարձել է լավ ֆիզիկական վիճակում։ Վաղը կտեսնեք մեր մեկնարկային կազմը։
Չուամենին նույնպես կարող է հանգստանալ առաջիկա հանդիպումներում, որովհետև ես ցանկանում եմ ռոտացիա անել»։
«Կուրտուան ունի փոքրիկ մկանային անհարմարություն։ Նա կարող է վերականգնվել մի քանի օրվա ընթացքում»։
«Տեբասն ասել է, թե «Ռեալը» բողոքում է խաղացանկից, բայց ես փոխարինումներ եմ անում 85-րդ րոպեի՞ն։ Ես պետք է պատասխանե՞մ այդ հարցին։ Ես արդեն հասկացել եմ, որ նա «Ռեալի» նկատմամբ մոլուցք ունի, բայց չէի պատկերացնում, որ նա նաև մարզիչ է։ Նա պետք է ավելի կենտրոնանա իր պարտականությունների վրա։ Նա անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ակումբի և մարզիչների նկատմամբ։
«Վիլյառեալը» համաձայն էր փոխել մեր հանդիպման օրը, բայց դա չցանկացավ Պրիմերան»։
«Լուրեր իմ ապագայի վերաբերյալ միջազգային դադարի ընթացքու՞մ։ Ես Իտալիայում էի և հիանալի ժամանակ անցկացրի այնտեղ (ծիծաղում է)։ Ես չեմ շփվել Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (CBF) հետ։
Ռոնալդոյի խոսքերը, թե նախկինում նա փորձել է համոզել ինձ գլխավորել Բրազիլիայի հավաքակա՞նը։ Չեմ հիշում, որ դրա մասին նրա հետ խոսած լինեմ։
Իմ ապագա՞ն։ Ես սիրում եմ Բրազիլիայի հավաքականը, նրա ֆուտբոլիստներին և երկրպագուներին, բայց ես պայմանագիր ունեմ «Ռեալի» հետ։ Ավելացնելու ոչինչ չունեմ»։
«ՈՒԵՖԱ-ի բացած գործը Ռյուդիգերի, Սեբալյոսի, Մբապեի և Վինիսիուսի վարքագծի վերաբերյալ «Ատլետիկոյի» նկատմամբ հաղթանակից հետո՞։ Մենք կարծում ենք, որ նրանք անօրինական ոչինչ չեն արել»։
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի Մենդին և Սեբալյոսը «Արսենալի» դեմ առաջին խաղում պատրաստ լինեն (08.04, 22:00)»։
«Ինձ հարկերից խուսափելու մեղադրանքնե՞րը։ Պետք է ներկայանամ դատարան, բայց ես հավատում եմ օրենքին և արդարությանը։ Ես մեծ ցանկություն ունեմ ցուցմունք տալու այս միջադեպի վերաբերյալ։
Հաջորդ շաբաթ կայանալիք նիստը կապված է դատախազության կողմից ներկայացված բողոքի հետ, քանի որ առաջին դատական գործը ես հաղթեցի»։