«Ռեալի» պաշտպանի հարցազրույցը
«Մանկուց երազել եմ խաղալ Իսպանիայի ազգային հավաքականում, և հիմա, երբ հասել եմ այդ նպատակին, անչափ հպարտ ու երջանիկ եմ։ Միշտ հավատացել եմ, որ կարող եմ ինչ–որ բանի հասնել, բայց իրականում ամեն ինչ շատ արագ ու զարմանալի եղավ։ Իհարկե, դեռ շարունակում եմ հարմարվել այս բոլոր փոփոխություններին։
Ես ինձ միշտ ուժեղ հոգեբանությամբ մարդ եմ համարել, չէ՞ որ ես տեղափոխվել եմ «Ռեալի» ակադեմիա 14 տարեկանում։ Որոշ ժամանակ հեռու եմ եղել ընտանիքից, ընկերներից, իմ առօրյայից... այս ամենը ինձ հոգեբանորեն էլ ավելի կոփեց։
Բացի այդ, ես երբեք չեմ սիրել գովեստի խոսքեր ստանալ գոլերի կամ գոլային փոխանցումների համար։ Ես այն ֆուտբոլիստներից եմ, ովքեր սիրում են աշխատել ստվերում։ Ինձ դուր է գալիս ղեկավարել թիմը պաշտպանությունից՝ ամեն ինչ տեսնել, խաղը կազմակերպել։ Դա իմ տաղանդն է, որն ի հայտ է եկել դեռ մանկուց։ Հենց սկզբում էլ ինձ դուր էր գալիս լինել պաշտպան, և ես երբեք չեմ զղջացել իմ ընտրության համար»։
«Ինչպես իմացա, որ հրավիրվել եմ հավաքակա՞ն։ «Ռեալի» մարզման ժամանակ Անչելոտին դուրս եկավ խաղադաշտի կենտրոն և բոլորիս հայտնեց այդ լուրը։ Պատկերացրեք, թե ինչ էր կատարվում՝ բոլոր թիմակիցներս ու մարզչական շտաբը սկսեցին շնորհավորել ինձ։ Դա իսկապես զարմանալի պահ էր»։
«Ռամոսը միշտ եղել է իմ կուռքը։ Կարծում եմ՝ ֆուտբոլի յուրաքանչյուր սիրահար գիտի՝ ով էր նա «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում։ Նա կատարյալ օրինակ է՝ թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս։
Եվ, իհարկե, Պույոլը։ Մանկուց դիտել եմ Ռամոսի հետ նրանց խաղերն ու փորձել սովորել նրանցից»։