Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն ընդգրկվել է ՖԻՖԱ-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականում: Սա Ռամոսի մարզական կարիերայում տասնմեկերորդ անգամ է, որ ֆուտբոլիստն ընդգրկվում է ՖԻՖԱ-ի՝ տարվա հավաքականում, ընդ որում՝ տասներորդ անգամ անընդմեջ:
Ռամոսը խորհրդանշական հավաքականում ընդգրկվել է նաև 2008, 2011, 2012, 2013, 2014, 2015 , 2016, 2017, 2018 և 2019 թվականներին:
Հատկանշական է, որ Սերխիո Ռամոսն Իսպանիայի հավաքականի պատմության այն խաղացողն է, որն ամենաշատն է ընդգրկվել ՖԻՖԱ-ի՝ տարվա խորհրդանշական հավաքականում:
«Ուզում եմ այս մրցանակը նվիրել կորոնավիրուսի համավարակից զոհ դարձած մարդկանց, համավարակից տուժած բոլոր ընտանիքներին: Նրանց ամենայն բարիք եմ մաղթում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս հրաշալի հավաքականում տեղ զբաղեցնելու համար: Ինձ համար իսկապես արտոնություն է այս հավաքականում ընդգրկվելը, իսկ տասնմեկերորդ անգամ ընդգրկվելն իրոք առանձնահատուկ է:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ռեալում» ու Իսպանիայի հավաքականում իմ խաղընկերներին, քանի որ այս մրցանակը նաև նրանց շնորհիվ է: Շնորհակալություն բոլոր քվեարկողներին: Եկեք շարունակենք պայքար մղել խաղում, որում դեռ չենք հաղթել, բայց ամեն ինչ անելու ենք՝ հաղթանակի հասնելու համար, ու մենք վստահ ենք՝ կհաղթենք»,- ասել է «Ռեալի» ավագը:
Աշխարհի հավաքականը
Աշխարհի լավագույն հավաքականն ընտրվել է հազարավոր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ձայներով և հայտնի դարձել ՖԻՖԱ-ի՝ The Best մրցանակաբաշխության ժամանակ, որը կայացել է առցանց: Սերխիո Ռամոսի հետ հավաքականում ընդգրկվել են նաև Ալիսոն Բեքերը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Վան Դեյկը, Դևիսը, Կիմիխը, Դե Բրույնեն, Տիագո Ալկանտարան, Մեսին, Լևանդովսկին ու Կրիշտիանու Ռոնալդուն:
Fenomeno, Realmadrid.am