Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Օսասունայի» հետ (07.10.2023 18:15):
«Ռեալի» գլխավոր մարզչի նախախաղային մամուլի ասուլիսը
«Մենք գիտենք, որ վաղը մեզ ոչ հեշտ հանդիպում է սպասվում (18:15 ԵԺ): «Օսասունան» հաջող է խաղում «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, մենք չկարողացանք նրանց հաղթել տանը վերջին երկու խաղերում:
Մենք ցանկանում ենք արագ և ինտենսիվ ֆուտբոլ ցուցադրել, որպեսզի որքան հնարավոր է շուտ լուծում գտնենք մրցակցի դարպասի մոտ: Ակնկալում ենք, որ մրցակիցը լավ է պաշտպանվելու և փորձելու է հակագրոհել՝ մեզ խնդիրներ առաջադրելու համար: Մենք պետք է գրագետ հարձակվենք»:
«Մարդիկ փորձում են անտեսել Վինիսիուսի՝ ռասիզմի զոհ դառնալու թեման, սակայն նա տուժող կողմ է և կարևոր չէ, թե քանի մարդ է նրան վիրավորել՝ 10, թե 1: Գոյություն ունի դատական գործընթաց, բայց ԶԼՄ-ները ցանկանում են փակել թեման և դա ինձ տխրեցնում է և զայրացնում: Ես Վինիի հետ չեմ խոսել այդ թեմայով, բայց նա իրեն շատ լավ է զգում, շատ մոտիվացված է և անհամբերությամբ է սպասում վաղվա խաղին»:
«ԱԱ-ն Իսպանիայու՞մ, ես կարծում եմ, որ դա շատ լավ իրադարձություն է իսպանական ֆուտբոլի համար: Կարևոր չէ, որ այն կայանալու է նաև Պորտուգալիայում և Մարոկկոյում: Դա շատ լավ նորություն է: Եզրափակիչը պետք է կայանա Մադրիդում՝ «Սանտիագո Բեռնաբեուում», քանի որ այն աշխարհի լավագույն մարզադաշտն է»:
«Ալաբա՞ն, վերջին երկու մարզումներին մենք Չուամենիին ենք խաղացրել պաշտպանի դիրքում: Օրելյենը կարող է օգտագործել իր պաշտպանողական հմտություններն այդ դիրքում: Նա շատ լավն է «երկրորդ հարկում»: Մյուս տարբերակը Մենդին է, քանի որ նա սովոր է այդ դիրքին»:
«Մոդրիչի հնարավոր հեռանա՞լը, ես չեմ կարծում, որ Լուկան մտածում է այդ մասին, մենք նրան կարևոր ֆուտբոլիստ ենք համարում թիմի համար և նա տեղյակ է դրա մասին: Մենք երջանիկ ենք, որ նա թիմի մի մասն է:
Ես ամեն օր զրուցում եմ նրա հետ և տեղյակ եմ, որ դժգոհ է քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով, բայց նա պահպանում է մոտիվացիան»:
«Ռոդրիգոն ապրում է մի պահ, որին կարիերայում բախվում են բոլոր հարձակվողները: Երբ գոլ խփելը դժվարանում է, պետ է համբերատարություն դրսևորել, այլ ոչ թե միայն կենտրոնանալ այդ ուղղությամբ: Այս պահին մենք նրա գոլերի կարիքը չունենք»: