Հոդվածներ

«Ռեալը» 3 միավոր կփնտրի «Վալենսիայի» դեմ այսօրվա խաղում
02.02.2023
2086 0

Լա լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում Մադրիդի «Ռեալն» այսօր «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում կընդունի «Վալենսիային» (կեսգիշեր, Երևանի ժամանակ):

Ծանրաբեռնված փետրվարի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» տնային մարզադաշտում Լա լիգայի շրջանակում ուժերը կչափի «Վալենսիայի» հետ: Իսպանիայի Սուպերգավաթով պայմանավորված հետաձգված խաղը կենսական նշանակություն ունի «Արքայական ակումբի» համար առաջատար «Բարսելոնայի» հետ միավորների տարբերությունը կրճատելու հնարավորության տեսանկյունից: Այս պահին «Բարսելոնան» 8 միավորով է գերազանցում «Ռեալին» (50, 42): 

Սուպերգավաթի կիսաեզրափակիչում նույնպես «Ռեալի» մրցակիցը «Վալենսիան» էր: Այդ խաղում Կառլո Անչելոտիի գլխավորած տղաներն առավելության հասան հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, իսկ եզրափակիչում տանուլ տվեցին «Էլ Կլասիկոն»:

«Ռեալը» «Վալենսիայի» հետ այս անգամ կմրցի «Սանտիագո Բեռնաբեուում», որտեղ մեր տղաներն անպարտելի են ընթացիկ մրցաշրջանում:

«Այս թիմը կենտրոնացած է, ու մենք պատրաստվում ենք պայքարել հնարավոր ամեն ինչի համար»,- ասել է Կառլո Անչելոտին նախախաղային ասուլիսին

Դանի Կարվախալն ու Օրելյան Չուամենին վերադարձել են հայտացուցակ, որում ընդգրկված է նաև թիմի ավագ Կարիմ Բենզեման: Ֆրանսիացին «Վալենսիայի» դեմ Լա լիգայի նախորդ 3 տնային խաղերում ընդհանուր 5 գոլ է խփել:

Մրցակիցը

Մրցակիցը Մադրիդ կժամանի Վորոյի հետ, որը Ջենարո Գատուզոյի պաշտոնանկությունից հետո գլխավոր մարզչի պաշտոնակատարն է: «Չղջիկները» մրցաշարային աղյուսակում 14-րդն են՝ 5 հաղթանակով, 5 ոչ-ոքիով ու 8 պարտությամբ: Կավանին թիմի գլխավոր ռմբարկուն է մրցաշարում՝ խփած 5 գոլով:

Fenomeno, Realmadrid.am


Ամենակարդացված