Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ESPN-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» ու անձամբ Կարիմ Բենզեմայի հետ սպասվող մրցակցությանը:
ԻՆՉՈՒ՞ ԼԱ ԼԻԳԱ
«Միշտ երազել եմ Լա լիգայում խաղալու մասին: Ես գիտեմ, որ «Բավարիայում» անցկացրած տարիներն ուղղակի հրաշալի էին: Միշտ շնորհակալ կլինեմ ակումբին, թիմակիցներիս այն ամենի համար, ինչ տվել են ինձ: «Բավարիայում» անցկացրած տարիներին ես նվաճել եմ ամեն ինչ: 12 տարի Գերմանիայում անցկացնելուց հետո զգում էի, որ ինչ-որ փոփոխության, նոր մարտահրավերի ժամանակն է:
Իմացա «Բարսելոնայի»՝ իմ ծառայություններով հետաքրքրված լինելու մասին, որոշեցի, որ ճիշտ ժամանակն է նրանց միանալու ու Լա լիգա տեղափոխվելու: Գիտեմ, որ մի քանի տարի կարող եմ բարձր մակարդակով խաղալ ու օգնել թիմին: Ուրախ եմ, որ միացել եմ «Բարսելոնային»:
«ՌԵԱԼԻ» ՈՒ ԱՆՁԱՄԲ ԲԵՆԶԵՄԱՅԻ ՀԵՏ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Բենզեման ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Նա դա ապացուցեց Չեմպիոնների լիգայում այն ամենով, ինչ արեց ՊՍԺ-ի, «Չելսիի» ու «Սիթիի» դեմ խաղերում: Հստակ չգիտեմ, բայց նա արդեն 10-12 տարի Լա լիգայում է, շատ բան գիտի այս առաջնության մասին: Նա նույնիսկ Չեմպիոնների լիգայում ցույց տվեց, որ լավագույններից է: Կարծում եմ՝ լավ է, որ Լա լիգայում գերազանց հարձակվողներ կան: Միանշանակ երկրպագուների համար շատ հետաքրքիր է լինելու:
Ինձ համար նրա հետ մրցակցելն այնքան էլ կարևոր չէ, քանի որ կարևորագույնը թիմային խաղն է. ինչպես ենք մենք պատրաստվում խաղալ, հաղթել խաղ առ խաղ: Այս ամենն ինձ համար ամենակարևորն է:
«Ռեալը» շատ ուժեղ է, նրանք շարունակելու են հրաշալի խաղալ: Մեզ համար սա մեծ մարտահրավեր է: Մենք պարտավոր ենք պատրաստ լինել, եթե ցանկանում ենք մրցակցել «Ռեալի» հետ»,- ասել է Լևանդովսկին: