Արդեն մի քանի տարի է Մադրիդի «Ռեալը» չի կարողանում իր ակադեմիայում գտնել այնպիսի ֆուտբոլիստների, ովքեր կկարողանան տեղ գտնել հիմնական թիմում այնպես, ինչպես ժամանակին դա արել են Նաչոն և Կարվախալը։
Թվում էր, թե ընթացիկ մրցաշրջանում մենք տեսնելու ենք երկու ֆուտբոլիստների, ովքեր հասել են դրան՝ Անտոնիո Բլանկոն և Միգել Գուտիերեսը։ Բլանկոն անցավ հետին պլան Կամավինգայի տրանսֆերից հետո, իսկ Գուտիերեսը ժամանակի ընթացքում կորցրեց իր փայլը։ Ամեն դեպքում «Ռեալում» շարունակում են վստահել նրանց։ Թիմում հույսեր են կապում նաև «Կաստիլիայի» մի քանի ֆուտբոլիստների հետ։ Ահա նրանք.
Խուլիեն Խոն Գերերո (17 տարեկան).
Խուլիեն Գերերոյի որդին շատ մեծ արագությամբ պրոգրես է գրանցում։ Նա հիանալի խաղարկող է, ով օժտված է մեծ տաղանդով ու հիանալի ձախ ոտքով։ Նա նաև ունի այն, ինչը սովորաբար պակասում է նման խաղաոճի ֆուտբոլիստներին։ Դա գոլ խփելու ունակությունն է։ Վերջին շրջանում «Ռեալում» նման դիրքի ֆուտբոլիստների մոտ ավելի շատ զարգացած է եղել վերջին փոխանցում կատարելու ունակությունը, քանի գոլ խփելու։ Արդեն հաջորդ մրցաշրջանում նա կարող է դառնալ «Կաստիլիայի» ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը և միևնույն ժամանակ թակել հիմնական թիմի դռները։
Բրունո Իգլեսիաս (18 տարեկան)։
«Նա ունի այն, ինչը ժամանակին կար լավագույն Կակայի մոտ». այսպես է արտահայտվել Իգլեսիասի մասին Ալվարո Բենիտոն SER-ի հետ վերջերս ունեցած հարցազրույցի ընթացքում։ Քչերն են այդքան լավ ճանաչում «Ռեալի» ակադեմիայի ֆուտբոլիստներին, որքան Բլանկոն։ Ներկա պահին նա հանդես է գալիս «Խուվենիլ Ա»-ում, «Ռեալի» մի շարք հեղինակավոր մարդիկ նշել են, որ նրան տեսնում են «Արքայական» ակումբի հիմնական կազմում։ Սպասվում է, որ արդեն 2022-ի երկրորդ հատվածում նա նշելու է իր նորամուտը հիմնական թիմի կազմում։ Բացի այդ ամռանը նա մասնակցելու է Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, ինչը նույնպես դրական ազդեցություն կունենա նրա ապագայի վրա։
Ռաֆա Մարին (19 տարեկան)։
Ընթացիկ մրցշրջանում նա առանձնանում է «Կաստիլիայում»։ Մարինը բարձրահասակ և ֆիզիկապես շատ ուժեղ կենտրոնական պաշտպան է, ով նաև հիանալի է տեսնում խաղադաշտը։ Այն սերնդում, որտեղ կային մի շարք տաղանդավոր կենտրոնական պաշտպաններ, Մարինը առանձնացել է իր խաղամակարդակով։ Անչելոտին «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղում նրան ընդգրկել էր թիմի հայտացուցակում։ Սպասվում է, որ արդեն գալիք մրցաշրջանում նա վարձավճարային հիմունքներով տեղափոխվելու է Լա Լիգան ներկայացնող մեկ այլ ակումբ, կամ համալրելու է հիմնական թիմի շարքերը, եթե «Ռեալը» որոշի բաժանվել Խեսուս Վալյեխոյից։ Ամեն դեպքում կայացվելու է այնպիսի որոշում, որով նա հնարավորություն կունենա միջնաժամկետ հատվածում դառնալ «Ռեալի» հիմանակն թիմի ֆուտբոլիստ։
Պետեր Ֆեդերիկո (19 տարեկան)։
«Ատլետիկի» դեմ խաղում նա նշեց իր նորամուտը «Արքայական» ակումբի կազմում, իսկ «Կադիսի» դեմ խաղում նա դուրս էր եկել նախավարժանքի, սակայն խաղաժամանակ այդպես էլ չստացավ։ . Ասենսիոյի, Ռոդրիգոյի և Բեյլի բացակայությունը հնարավորություն էր տվել երիտասարդ ֆուտբոլիստին ցույց տալ իր ունակությունները։ Նա բավական խորամանկ, արագ և անվախ ֆուտբոլիստ է։ Ներկայիս ֆուտբոլում նման խաղացողների պակաս ակնհայտորեն զգացվում է։ Նա շատ արագ կարող է գրավել «Բեռնաբեուի» ուշադրությունը, քանի որ նրա խաղաոճը տարբերվող է։ Սպասվում է, որ Արքայական գավաթի խաղարկության մեկնարկային փուլերում նա կրկին խաղաժամանակ է ստանալու Անչելոտիի կողմից և հնարավորություն՝ ցույց տալու իր ողջ ունակությունները։
Los Merengues, Realmadrid.am