Կայացավ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ «Ռեալին» ի սկզբանե որպես մրցակից բաժին էր հասել «Բենֆիկան»։ Ակումբ, որը բավական կազմակերպված պաշտպանություն ունի, սակայն հեռու է թոփ մակարդակի թիմի կարգավիճակից։ Պորտուգալական ակումբի գործերը այնքան էլ լավ չեն առաջնությունում, և թվում էր, թե «Ռեալին» բավական հարմար մրցակից է բաժին հասել։ Բայց ոչ. ՈւԵՖԱ-ն հերթական անգամ ոչ կոմպետենտ վարքագիծ դրսևորեց։ Տեղի ունեցավ կրկնակի վիճակահանություն, որի արդյունքում «Ռեալին» բաժին հասավ «ՊՍԺ»-ն։ Թվում է, թե «Սերուցքայինների» բախտը չի բերել մրցակցի հարցում, սակայն ներկա իրավիճակում «ՊՍԺ»-ն իդեալական մրցակից է «Ռեալի» համար։ Ահա, թե ինչու.
1. Ուժեղ մրցակից։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալին» ակնհայտորեն չի հերիքում ուժեղ մրցակիցների դեմ հանդիպումները։ Առաջնությունում «Ռեալի» գլխավոր մրցակից «Ատլետիկոն» այս մրցաշրջանում հեռու է իր լավագույն մարզավիճակից, իսկ կոտրված «Բարսելոնայի» մասին խոսելն ավելորդ է։ ՉԼ-ում «Ինտերն» էր, բայց դա այն ակումբը չէ, որը պայքարում է մինչև վերջին շունչը։ Եվ ահա «ՊՍԺ»-ի դեմ հանդիպումները հիանալի հնարավորություն են լինելու Անչելոտիի թիմի համար՝ ցույց տալու, որ «Ռեալը» թոփ մակարդակի վրա է։
2. Հին ծանոթները։
Ներկա պահին «ՊՍԺ»-ի կազմում հանդես են գալիս «Ռեալի» 4 նախկին ֆուտբոլիստներ՝ Նավասը, Ռամոսը, Հակիմին և Դի Մարիան։ Դրան կարելի է գումարել նաև Նեյմարին և Մեսիին, ովքեր երկար տարիներ որպես մրցակից խաղացել են «Ռեալի» դեմ։ Սա իհարկե փոքրիկ առավելություն է մրցակցի նկատմամբ։ Կա նաև Անչելոտիի գործոնը, ով 2011-13 թվականների ընթացքում մարզել է ֆրանսիական ակումբը։
3. Սկզբունքայնություն։
Նախկինում թիմերը բավական ջերմ հարաբերությունների մեջ էին, սակայն ամեն բան փոխվեց Մբապեի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակով և այն բանից հետո, երբ «ՊՍԺ»-ն որոշեց հրաժարվել Սուպերլիգայից։ Ֆրանսիական ակումբի գլխավոր տնօրեն Լեոնարդոյի և ակումբի նախագահի սուր հայտարարությունները «Ռեալի» հասցեին շարունակվում են, և սա հիանալի հնարավորություն է լինելու Պերեսի համար՝ ցույց տալու, թե ով որտեղ է գտնվում։ Անկասկած Ֆլորենտինոն ցանկանում է պատասխանել այդ ամենին և նա դա հանդերձարանում հասցնելու է իր ֆուտբոլիստներին։
Մյուս կողմից կարելի է նշել Բենզեմա-Մեսի հակամարտությունը։ Օրերս արգենտինացին ստացավ ոսկե գնդակը, և Բենզեման շատ մեծ տրամադրվածությամբ է մոտենալու այդ խաղին։
4. «ՊՍԺ»-ի խնդիրները։
Չնայած այն ամենին, որ ֆրանսիական ակումբը մահացու հարձակման եռյակ ունի և մրցաշրջանից առաջ մի շարք թոփ ձեռքբերումն էր ունեցել, նրանք մինչ այժմ չեն կարողացել որպես թիմ կառուցել իրենց խաղը։ Խնդիրները շատ են. մշտական ռոտացիա դարպասապահի դիրքում, խնդրահարույց եզրային պաշտպանները, պրեսինգին չմասնակցող հարձակվողներ և մարզիչ՝ ով կարծես թե կորցրել է իր դերը թիմում։ «Ռեալի» մոտ ամեն բան հակառակն է։ Թիմը շատ կազմակերպված ու ստաբիլ է երևում թե՛ խաղադաշտում, և՛ թե դրա մատույցներից դուրս։ «Ռեալը» իրեն զգում է որպես թիմ, իսկ «ՊՍԺ»-ն ավելի շատ հույսը դրել է անհատականությունների վրա։ «Մանչեսթեր Սիթին» խմբային փուլում արդեն ցույց տվել է, թե որքան ճեղքեր ունի «ՊՍԺ»-ն ընթացիկ մրցաշրջանում։
5. Հակամարտության պատմությունը։
2015 թվականից ի վեր թիմերը միմյանց դեմ 6 հանդիպում են անցկացրել։ 4 անգամ թիմերը մրցել են խմբային փուլի շրջանակներում և ևս երկու անգամ՝ 1/8 եզրափակչի շրջանակում։ Փլեյ-օֆֆ փուլի շրջանակում կայացած երկու հանդիպումներում էլ «Ռեալը» առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Իսկ ընդհանուր առմամբ՝ այդ 6 խաղերից միայն մեկում է «ՊՍԺ»-ին հաջողվել հաղթել «Արքայական» ակումբին։ Այնպես, որ վիճակագրությունը նույնպես խոսում է «Ռեալի» օգտին։
Եթե թիմերը այդ խաղերին մոտենան առանց կորուստների և լավ մարզավիճակով, ապա մեզ անկասկած հիանալի դիմակայություն է սպասվում, որի արդյունքում պարզ է դառնալու, թե ով ինչ դիրքում է։
Los Merengues, Realmadrid.am