Հոդվածներ

«Ռեալում» Իսկոն անցնում է երկրորդ պլան
13.11.2021
2037 0

Կարլո Անչելոտին մինչմրցաշրջանային հատվածում բավարար հնարավորություն տվեց Իսկոյին՝ իր խաղամակարդակը հետ բերելու և թիմում տեղ գտնելու համար, սակայն ընդամենը մի քանի ամիս անց Իսկոն հայտնվեց «Ռեալի» կիսապաշտպանության ամենավերջին կետում։ 

Նախորդ մրցաշրջանում Զինեդին Զիդանի գլխավորությամբ Իսկոն գրեթե խաղաժամանակ չէր ստանում։ Նա մասնակցել է 29 հանդիպման՝ որոնցից միայն 8-ում է հայտնվել մեկնարկային կազմում։ 

Անչելոտիի վերադարձը պետք է վերածնունդ լիներ Իսկոյի համար։ Իսպանացին Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին երեք տուրերից երկուսում հայտնվել էր մեկնարկային կազմում, բայց չնայած այդ ամենին նա չկարողացավ իրեն լավագույնս դրսևորել։ 

«Վիլյառեալի» դեմ ոչ ոքիից հետո Իսկոն «Ռեալի» կազմում խաղադաշտ դուրս չի եկել։ 

Իսկոն մեջքի հետ կապված խնդիրների պատճառով բաց թողեց «Բարսելոնայի», «Էսպանյոլի» և «Օսասունայի» դեմ հանդիպումները։ Այնուհետև նա տեղ  գտավ «Ռայո Վալեկանոյի» և «Էլչեի» դեմ խաղերի հայտացուցակում, սակայն խաղաժամանակ այդպես էլ չստացավ։ 

Բացի այդ Իսկոն ոչ մի րոպե խաղաժամանակ չի ստացել ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։ 

Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո եռյակից բացի թիմում կան նաև Կամավինգան և Վալվերդեն, ովքեր էլ ավելի են բարդացնում Իսկոյի կյանքը «Ռեալում»։

Բացի այդ Անչելոտին կիսապաշտպանությունում երբեմն օգտագործում է նաև Մարկո Ասենսիոյին։ 

Միայն Դանի Սեբալյոսն է գտնվում ավելի հետ, քան Իսկոն, սակայն պետք է նշել, որ Սեբալյոսը մրցաշրջանի մեկնարկից մինչ հիմա չի ապաքինվել վնասվածքից։ 

Ամեն բան տանում է նրան, որ Իսկոն շատ շուտով հեռանալու է Մադրիդի «Ռեալից»։

Los Merengues, Realmadrid.am