Մարտին Էդեգորի հեռանալու դեպքում Մադրիդի «Ռեալը» կփորձի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նրան փոխարինող գտնել։
Էդեգորը նախորդ մրցաշրջանում չկարողացավ տեղ գտնել Զիդանի թիմում և մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարային հիմունքներով անցկացրեց «Արսենալի» կազմում։ Այս մրցաշրջանում ևս «Ռեալում» հույսեր չեն կապում նորվեգացու հետ։ Նա չի մտնում Կարլո Անչելոտիի պլաններում, իսկ «Արսենալը» միևնույն ժամանակ մեծ հետաքրքրվածություն է ցուցաբերում նրա տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար։
Առաջին հերթին «Սերուցքայինները» դիտարկում են «Լիոնի» կիսապաշտպանը Հուսեմ Աուարի տարբերակը, որի ծառայություններով հետաքրքրված է նաև «Յուվենթուսը»։
Նախորդ մրցաշրջանում Աուարը բավական մոտ էր «Արսենալ» տեղափոխությանը, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ։ Այժմ նա շարունակում է հանդես գալ «Լիոնի» կազմում, որի հետ գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է 2023 թվականին։
«Ռեալը» իհարկե բավական ուժեղ մրցակից է «Յուվենթուսի» համար, սակայն եթե «Սերուցքայինները» չկարողանան անհրաժեշտ խաղաժամանակ երաշխավորել Աուարին, ապա վերջինս մեծ հավանականությամբ ընտրություն կկատարի իտալական ակումբի օգտին։
Los Merengues, Realmadrid.am