Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհուրդն առաջարկել է աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալին դառնալ իր անդամներից մեկը: Այս մասին հայտնել է «Ռեալի» պաշտոնական կայքը:
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի տնօրենների խորհուրդը նոյեմբերի 4-ին կայացած նիստում որոշում է կայացրել պատվիրակների ընդհանուր ժողովի քննարկմանը ներկայացնել մեր ակումբի 67 778 համարի սոսյո (անդամ) Ռաֆայել Նադալ Պարերայի՝ տնօրենների խորհրդի նոր անդամի նշանակումը հաստատելու հարցը:
Ռաֆայել Նադալը՝ «Ռեալ Մադրիդի» պատվավոր անդամը, սպորտի պատմության մեծագույն լեգենդներից մեկն է, ինչպես նաև աշխարհում ամենահարգված ու ճանաչված իսպանացի մարզիկներից մեկը:
«Ռեալ Մադրիդի» և բոլոր մադրիդիստների համար հսկայական պատիվ է, որ մարզական և մարդկային նման մասշտաբի անձնավորությունը, ով բացարձակ հեղինակություն է իսպանական և համաշխարհային սպորտում, միանում է մեր տնօրենների խորհրդին, որպեսզի իր մասնակցությամբ ներդրում ունենա մեր ակումբի ներկայի և ապագայի գործում:
Օժտված լինելով ակնառու նվաճումներով՝ 92 անհատական տիտղոս, այդ թվում՝ 22 հաղթանակ «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, երկու օլիմպիական ոսկե մեդալ, հինգ հաղթանակ Դևիսի գավաթում Իսպանիայի հավաքականի կազմում և աշխարհի առաջին ռակետի կարգավիճակ, Ռաֆայել Նադալն ունեցել է լեգենդար մարզական կարիերա:
Այնուամենայնիվ, նրա անհատականությունը շատ ավելին է, քան պարզապես մարզական հաջողությունները։ Նրա տաղանդը, ինքնակատարելագործման մշտական ձգտումը, զոհաբերությունների գնալու ունակությունը, մրցակցային ոգին, համեստությունը, հարգանքը մրցակիցների ու թիմակիցների հանդեպ, ինչպես նաև համերաշխության զգացումը նրան օրինակելի են դարձնում ինչպես կորտում, այնպես էլ դրանից դուրս: Այս բոլոր արժեքները «Մադրիդի Ռեալի» ինքնության անբաժանելի մասն են: Ռաֆայել Նադալը մարմնավորել և պաշտպանել է դրանք իր ողջ մարզական կարիերայի ընթացքում՝ դառնալով կուռք միլիոնավոր մարդկանց համար ամբողջ աշխարհում». ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն