Իսպանիայի առաջնության 37–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Սևիլիային» (17.05.2026, 21:00):
«Վերջին շրջանում «Սևիլյան» լավ մարզավիճակում է: Նրանք պայքարելու բան ունեն Լա լիգայի այս մրցաշրջանի վերջնամասում, նրանց հաղթանակ է պետք: «Սևիլյայի» դեմ արտագնա խաղերը միշտ շատ բարդ են ստացվում, այնպես որ վաղը ստիպված կլինենք ներդնել մեր ուժերի 100%-ը»:
Մբապեի հայտարարության մասին
«Մբապեն հայտարարել է, թե ես նրան անվանել եմ «Մադրիդի» ընդամենը 4-րդ հարձակվո՞ղ: Ես հասկանում եմ, թե ինչ են զգում խաղացողները, հատկապես երբ խաղադաշտ դուրս չեն գալիս: Ակնհայտ է, որ Կիլիանը հիասթափված էր, որ «Օվիեդոյի» դեմ խաղը չսկսեց մեկնարկային կազմում: Եվ դա ինձ դուր է գալիս, քանի որ մտահոգիչ կլիներ, եթե նա երջանիկ լիներ դաշտ դուրս չգալու համար:
«Ամեն դեպքում, ես նախկինի պես լավ հարաբերությունների մեջ եմ Մբապեի հետ: Ոչինչ չի փոխվել: Երբ ես ֆուտբոլիստների հետ առանձին եմ խոսում, նախընտրում եմ, որ նրանք այդ զրույցը գաղտնի պահեն: Բայց նույնիսկ եթե նրանք դա հրապարակավ բացահայտում են, ես դրա հետ ոչ մի խնդիր չունեմ»:
Ակումբում իր աշխատանքի մասին
«Մադրիդի» ղեկին 4 ամսվա աշխատանքը անհավանական փորձ էր ինձ համար: Ես շատ բան սովորեցի: Այն օրը, երբ կլքեմ ակումբը, կհեռանամ բարձր պահած գլխով և մաքուր խղճով: Ես թիմը գլխավորեցի որպես երրորդ դիվիզիոնի մարզիչ, իսկ կլքեմ ակումբը որպես «Մադրիդի» գլխավոր թիմի մարզիչ»:
«Այսպես թե այնպես, «Ռեալ Մադրիդը» իմ տունն է: Ես 43 տարեկան եմ, և դրանցից 20-ը անցկացրել եմ այս ակումբի կառուցվածքում»:
Մոուրինյոյի հնարավոր վերադարձի մասին
«Մոուրինյոն լուծո՞ւմ է «Մադրիդի» անկառավարելի հանդերձարանի համար: Ես համաձայն չեմ մեր հանդերձարանի նման նկարագրության հետ: Ամեն դեպքում, ակումբը հաջորդ մրցաշրջանի մարզչի վերաբերյալ որոշում կկայացնի այն ժամանակ, երբ հարմար կգտնի»:
«Այնուամենայնիվ, Ժոզեն լավագույն մարզիչն է, ես միշտ կհավատամ դրան: Ես այդպես էի մտածում մեկ ամիս առաջ և հիմա էլ եմ այդպես մտածում: Մոուրինյոն միշտ եղել է և կլինի մադրիդիստներից մեկը: Եթե հաջորդ մրցաշրջանում Ժոզեն գլխավորի «Ռեալ Մադրիդը», ես շատ կուրախանամ նրան նորից տանը տեսնելու համար»:
Հիասթափությունների և ամենաբարդ պահերի մասին
«Իմ ամենամեծ հիասթափությունը «Մադրիդի» ղեկի՞ն: Այն, որ ես ոչ մի տիտղոս չնվաճեցի և մեր երկրպագուներին չպարգևեցի այն ուրախությունը, որին նրանք արժանի են»:
«Այս մրցաշրջանի ամենադժվար պա՞հը․ «Մադրիդում» ամենադժվար փուլը միշտ այն հատվածն է, երբ դու չես հաղթում: Ինձ շատ է տխրեցնում այն, որ ես չօգնեցի ֆուտբոլիստներին տիտղոսներ նվաճել՝ հաշվի առնելով մեր հանդեպ ունեցած մեծ սպասելիքները և երկրպագուների հույսերը»:
Հայերեն