Մարզիչը չի խնայել գովեստները բրազիլացու համար, մինչդեռ ֆրանսիացուն ուղղված նրա խոսքերը ցույց են տվել օտարացում:
Մբապեն «Օվիեդոյի» դեմ խաղից հետո «պայթեց» Արբելոայի դեմ: Այս անհամաձայնությունը եփվում էր շաբաթներ ու ամիսներ շարունակ, հատկապես եթե նայենք, թե ինչպես է Արբելոան վերաբերվում Վինիսիուսին: Տարբերությունը հուշում էր, որ փոթորիկ է սպասվում: Եվ այն եկավ:
Վինիսիուսի մասին
Երբ Արբելոան ստանձնեց պաշտոնը, նա հստակեցրեց իր առաջին «պատվիրաններից» մեկը. «Մենք ուզում ենք տեսնել այն Վինիսիուսին, ով պարում է, ծիծաղում ու վայելում է: Ես խնդրելու եմ թիմակիցներին, որ փնտրեն Վինիսիուսին և նրան տան հնարավորինս շատ գնդակներ»:
Արբելոան չէր զլանում գովեստներ շռայլել. «Նա աշխարհի ամենավտանգավոր խաղացողներից է, եթե ոչ ամենավտանգավորը: Նա ունի բնավորություն և պաշտպանում է այս ակումբը «ատամներով»: Նա նաև հիշեցնում էր բոլորին. «Այն, ինչ արել է Վինիսիուսը դեռ երեխա հասակում, քչերն են արել «Ռեալ Մադրիդի» պատմության մեջ: Նա մեզ տվել է Չեմպիոնների լիգայի երկու գավաթ, թող ոչ ոք դա չմոռանա»:
Մարզիչը նրան համարում է բնածին առաջնորդ. «Վինիսիուսը բնածին լիդեր է, այն թիմակիցը, ում բոլորը սիրում են: Նրան ունենալը մեծ բախտ է»:
Մբապեի մասին
Ի հակադրություն այս գովեստների տարափի, Մբապեի հետ նա եղել է պաշտոնական, զուսպ և նույնիսկ սկսել է «փշեր» արձակել նրա ուղղությամբ: Ամեն ինչ սկսվեց դեռ 2022-ին, երբ Կիլիանը մերժեց ակումբը: Այն ժամանակ Արբելոան ասել էր. «Ո՛չ պատմությունը, ո՛չ երազանքները հնարավոր չէ գնել: Իմ կարծիքով՝ Մբապեն սխալվել է»:
«Սմոքինգը»
Երբ արդյունքները վատն էին, Արբելոան հազվադեպ էր տալիս Մբապեի անունը, բայց հասցեատերը պարզ էր. «Հաղթելու համար պետք է բոլորի ջանքը, միայն տաղանդը բավարար չէ: Մենք «Ռեալ Մադրիդը» չենք ստեղծել այն խաղացողներով, ովքեր դաշտ են դուրս գալիս սմոքինգով»:
Աշխատանքն ու նվիրվածությունը
Մարզիչը կասկածի տակ էր դնում Մբապեի ամենօրյա նվիրվածությունը. «Մենք ուզում ենք տեսնել այն Մբապեին, ով ուզում է Մբապե լինել ամեն օր»: Նույնիսկ այն օրը, երբ Կիլիանը դուբլ ձևակերպեց «Վիլյառեալի» դեմ խաղում, Արբելոան ասաց. «Մենք տեսնում ենք հիանալի Վինիսիուսի»:
Վերջին կաթիլը «Կլասիկոյից» առաջ էր, երբ Մբապեն մկանային խնդիրների պատճառով լքեց մարզումը: Արբելոան չթաքցրեց դժգոհությունը. «Տեսնենք՝ այսօր կկարողանա՞ ավարտել մարզումը: Եթե կարողանա, վստահաբար րոպեներ կստանա»: Նա ստացավ րոպեներ միայն որպես պահեստային: Հրդեհը արդեն անխուսափելի էր:
Հայերեն