Չկա ոսկե միջին մի խաղի համար, որը սպառնում է դառնալ պատմական:
«Մադրիդի» շարունակական անփութությունը վերջնականապես վճռեց լիգայի ճակատագիրը, որին խաղացողները վաղուց դադարել էին հավատալ: «Լա Կարտուխայում» Արբելոայի սաները դուրս եկան դաշտ միայն մի առաքելությամբ՝ թույլ չտալ, որ առաջնության հարցը լուծվի վատթարագույն սցենարով: Խուսափել հավերժական մրցակցի չեմպիոնական տոնակատարությունից, կամ նույնքան ցավոտ մի բանից՝ ստիպված լինել նրանց պատվո միջանցքով մեծարել «Էլ Կլասիկոյի» ժամանակ: «Սերուցքայինների» համար այլևս միջանկյալ տարբերակ չկա:
Չեմպիոնություն, թե՞ պատվո միջանցք: Երկու պատկեր, որոնք հավասարապես անհանգստացնում են և արտացոլում յուրաքանչյուր թիմի ներկա վիճակը: Ու մեջտեղում մի անխուսափելի հարց՝ ո՞րն ավելի շատ կցավեցնի մադրիդիստներին: Իսպանական ֆուտբոլը կանգնած է աննախադեպ իրավիճակի առջև. երբեք այս երկու հսկաներից ոչ մեկը մաթեմատիկորեն չի նվաճել լիգան հենց «Կլասիկոյի» ժամանակ:
Իրական սպառնալիք
Բայց այս «Մադրիդը» վաղուց է շարժվում մի ճանապարհով, որը նրան հեռացրել է տիտղոսի համար պայքարելու կայունությունից: Տարբերությունն արդեն ինը միավոր է, և իրական վտանգ կա, որ այն կդառնա տասնմեկ, եթե «Բարսելոնան» հաղթի «Խետաֆեին»: Տուր առ տուր Լիգան ներկվում է կապտանռնագույնով, իսկ սպիտակների պատասխանը ոչ մի արդյունք չի տալիս: Նույնիսկ մրցակցի հնարավոր ձախողումն այլևս բավարար չէ հույսը պահելու համար:
Սխալվելու իրավունք չունենալով՝ թիմը նորից բաց թողեց կարևոր հնարավորությունը: Երկու միավոր, որոնք մնացին «Լա Կարտուխայում» և որոնք ավելի շատ կշռում են իրենց իմաստով, քան քանակով: Քանի որ մյուս կողմում Ֆլիկի «Բարսան» սկսում է օրացույցին այլ հայացքով նայել և առանց տառապելու հաղթում է «Խետաֆեի» պես դժվար մրցակցին: «Մադրիդը» մոռացավ շարունակել ճնշումը մրցակցի վրա:
Անխուսափելի հարց
Եվ այսպես, գրեթե ակամա, ուշադրության կենտրոնը փոխվում է: Լիգայի համար պայքարից՝ այն վերջնականապես կնքելու հաշվարկներին: Այս տուրում կատալոնացիների հաղթանակը բացում է մի նոր տեսարան՝ հասնել 35-րդ տուրի «Կլասիկոյին» արդեն չեմպիոնի կարգավիճակով: Սա իր հետ բերում է անհայտություն՝ արդյո՞ք «Մադրիդը» կընդունի այն դերը, որը նրան պետք է բաժին հասնի «Կամպ Նոուի» խոտածածկին:
Մինչ այդ, սակայն, շատ հարցեր կարող են լուծվել: Եթե Հանսի Ֆլիկի սաները կատարեն իրենց տնային աշխատանքը («Օսասունայի» դեմ), իսկ «Մադրիդը» չպատասխանի («Էսպանյոլի» դեմ), ապա 34-րդ տուրում լիգայի հարցը կլինի վճռված: Եթե երկու թիմերն էլ հաղթեն իրենց մրցակիցներին, ապա «Բարսան» կարող է չեմպիոնությունը տոնել սեփական մարզադաշտում՝ հաղթելով հենց «Մադրիդին»: Բայց ֆուտբոլը, որը շատ քմահաճ է, կարծես թե ուզում է պատմությունը տանել դեպի միևնույն կետը: Եվ այնտեղ սպասում է «Կլասիկոն»: Դրա համար էլ հարցն անխուսափելի է՝ չեմպիոնական տոնակատարո՞ւմ, թե՞ պատվո միջանցք:
Հայերեն