Հոդվածներ

Հաստատակամությունն ընդդեմ անկայունության
27.04.2026
83 0

Ալֆրեդո Ռելանյոյի կարծիքը

«Մադրիդը» ոչ-ոքի խաղաց «Լա Կարտուխայում», «Բարսան» հաղթեց «Կոլիսեումում», ու ցանկացած հույս ցնդեց: Այս շաբաթ ու կիրակին ընդգծեցին այն, ինչ եղել է ողջ մրցաշրջանը՝ «Բարսայի» հաստատակամության և «Մադրիդի» անկայունության վարժություն:

Հենց հաստատակամությունն էր «Մադրիդի» պատմական բնութագիրը: Հիշում եմ 60-ականների «Մադրիդի» խաղացողների հետ զրույցներս. նրանք պնդում էին, որ «Մադրիդը» լիգաները հաղթում էր «Էլչեում», «Վալյադոլիդում», «Բալաիդոսում»... դժվար դաշտերում, որտեղ «Բարսան» միշտ պարտվում էր: Այնպիսի դաշտերում, ինչպիսին այսօրվա «Կոլիսեումն» է, որտեղ «Բարսան» իր առավելությունը հասցրեց 11 միավորի՝ առանց Լամինի, Ռաֆինյայի ու Էրիկ Գարսիայի, բայց այն համոզմունքով, որ ամեն խաղ կարևոր է:

Դրան նախորդող օրը «Մադրիդը» խաղաց կես ժամ լավ ֆուտբոլ, առաջ անցավ հաշվի մեջ ու դա համարեց բավարար: Գոլից մինչև ընդմիջում «Բետիսը» յոթ հարված կատարեց դարպասին, իսկ «Մադրիդը»՝ մեկ: Երկրորդ խաղակեսը շարունակվեց նույն ոգով, ու միայն Լունինը հետաձգեց ոչ-ոքին մինչև 93-րդ րոպեն, երբ այն եկավ Արբելոայի համար «մրցավարին մեղադրելու» տխուր մխիթարությամբ:

Անկայունություն և զոհի կարգավիճակ (վիկտիմիզմ): Սրանք «Բարսայի» բնութագրերն էին այն հին տարիներին, իսկ հիմա՝ «Մադրիդինն» են: Խաբի Ալոնսոն վերջում սկսեց խոսել «Նեգրեյրայի գործից», երբ մի փոքր առաջ ասում էր, որ դա երկրպագուների թեմա է (երևի Ֆլորենտինոյի աչքին հաճոյանալու համար), իսկ Արբելոան գործում է ոչ թե որպես թիմի առաջնորդ, այլ որպես «Real Madrid TV»-ի խմբագիր: Նրա հետ մենք տեսանք բռնկումներ Չեմպիոնների լիգայում, բայց ոչ գավաթում կամ Լա լիգայում: Թիմը դարձել է հարմարվողական ու քիչ է ջանք թափում ոչ փայլուն խաղերում ու դաշտերում:

Իհարկե, այդ հարցում ռեկորդը սահմանել է «Ատլետիկոն». նրանք «Բարսայից» հետ են 22 միավորով, թեև դեմ առ դեմ պայքարում նրանց հեռացրին գավաթից ու Չեմպիոնների լիգայից: Գոնե նրանց դեպքում դա բավականացրեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հասնելու համար: Իսկ «Բարսայի» անդադար աշխատանքը նրանց բերեց Լա լիգայի չեմպիոնությանը: Նա, ով մնացել է դատարկաձեռն, «Մադրիդն» է: