Խաբի Ալոնսոն հեռացել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից հունվարի 12-ին՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (2:3)։ Նրան փոխարինել է Ալվարո Արբելոան։
ABC-ի տեղեկություններով՝ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում էր մարզչին ազատել դեռ դեկտեմբերի սկզբին՝ «Սելտայից» կրած պարտությունից հետո (1:2), սակայն ակումբի գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը համոզել է նրան սպասել։ Պերեսի կարծիքով՝ մարզչի փոփոխությունը տեղի է ունեցել չափազանց ուշ, ինչն ավելի է բարդացրել Արբելոայի առջև դրված խնդիրը։
Նշվում է, որ «Ռեալի» նախագահը շնորհակալ է Արբելոային և «հատուկ համակրանք ունի նրա նկատմամբ», սակայն չի պատրաստվում նրան թողնել գլխավոր մարզչի պաշտոնում հաջորդ մրցաշրջանում։ Պերեսը կարծում է, որ ո՛չ Ալոնսոն, ո՛չ Արբելոան չեն արդարացրել իրենց վրա դրված սպասումները։
«Ռեալի» նախագահի համոզմամբ՝ թիմի ներկայիս կազմը կարող է խաղալ զգալիորեն ավելի լավ, քան վերջին երկու մրցաշրջաններում, և բարձրակարգ մարզիչը կօգնի ֆուտբոլիստներին բացահայտել իրենց լավագույն որակները։ Նա ցանկանում է մանրակրկիտ մտածել, թե ով պետք է գլխավորի թիմը ամռանը։
Պերեսը չի կարծում, որ «Ռեալին» անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ կազմում։ Նա նախատեսում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը և աջ եզրը, ինչպես նաև կիսապաշտպանությունը, իսկ մնացած դիրքերը, նրա կարծիքով, լավ համալրված են և պահանջում են միայն փոքր շտկումներ։ Մադրիդցիները դիտարկում են «Կոմոյից» Նիկո Պասի և «Օսասունայից» Վիկտոր Մունյոսի հետգնման տարբերակները, իսկ «Լիոնին» վարձավճարով տրված Էնդրիկը կվերադառնա թիմ։
Ակումբը կարող է Ֆրանկո Մաստանտուոնոյին վարձավճարով այլ թիմ ուղարկել, իսկ Գոնսալո Գարսիային վաճառել՝ հետգնման իրավունքի պահպանմամբ։
«Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 32 խաղից հետո ունենալով 73 միավոր և 6 միավորով զիջելով «Բարսելոնային», որը նաև մեկ խաղ պահեստում ունի։
Fanat, Realmadrid.am
Հայերեն