Հոդվածներ

Եվ մենք դեռ սպասում ենք Բելինգեմին
17.04.2026
672 0

Ալֆրեդո Ռելանյոյի հոդվածը․ «Հայելու մյուս կողմում»

Երեկ ինձ զանգահարեցին մի ֆրանսիական թերթից՝ Ռենի շրջանից, որտեղ մեծացել է Կամավինգան: Նրանք ցանկանում էին իմանալ, թե ինչպես նա դուրս եկավ այս փուլից, և ես ստիպված եղա ասել՝ ձախողված: Եվ ոչ միայն Մյունխենում տեղի ունեցածի պատճառով, այլ որովհետև այդ խաղի դժբախտությունը եզրափակում է հինգ մրցաշրջանները, որոնց ընթացքում նա այդպես էլ չգտավ իր տեղը թիմում: Տեխնիկապես և ֆիզիկապես լավ խաղացող է, բայց մարտավարական առումով՝ անկայուն: Նա չկարողացավ դառնալ այն հուսալի կիսապաշտպանը, որին բոլորս սպասում էինք: Չափազանցություն չի լինի ասել, որ նա իր հստակ դերը թիմում ունեցավ միայն այն ժամանակ, երբ փոխարինում էր Մենդիին ձախ պաշտպանի դիրքում, ինչը նրան ընդհանրապես դուր չէր գալիս: Երբ ինձ հարցրին՝ արդյոք նա կհեռանա՞, պատասխանեցի՝ պատկերացնում եմ, որ այո:

Երբ անջատեցի հեռախոսը, մտածեցի Բելինգեմի մասին: Նա ուներ փառահեղ առաջին եռամսյակ, բայց դրանից հետո՝ վնասված ուսը, թիմի անկայունությունը, վիրահատության պատճառով բացակայությունները... արդեն երրորդ մրցաշրջանն է, ու նա դեռ չի զբաղեցրել իր հիերարխիկ տեղը թիմում: Նա ունի ուժ, գոլեր է խփում, բայց դեռ չի դարձել այն, ինչի համար նրան գնել էին՝ թիմի առանցքային հենասյունը և ուղեցույցը: Լա լիգայի մնացած հատվածում Արբելոան պետք է օգտագործի այս ծանր ժամանակաշրջանը՝ խաղը նրա շուրջ կառուցելու և Բելինգեմին թիմի իրական առաջնորդ դարձնելու համար:

Եվս մեկ բան պետք է անի Արբելոան՝ Վինիսիուսին իջեցնի երկիր: Այն պահից, երբ Ֆլորենտինոն կանգնեցրեց Փարիզ մեկնող ինքնաթիռը, որովհետև նրան «Ոսկե գնդակը» չէին տալիս, Վինիի մոտ «մոլորության» ախտանիշներն աճում են: Վերջերս երկրպագուները նրան շատ էին պաշտպանում ռասիստական հարձակումներից, բայց հիմա նրան սկսում են նայել որպես խնդիրների աղբյուր՝ նյարդայնության, կոնֆլիկտների և վատ տրամադրության կենտրոն: «Բավարիայի» դեմ այս խաղերը, որտեղ վազելու տեղ կար, նրա համար փրկության հնարավորություն էին, որը նա ձեռքից բաց թողեց:


Ամենակարդացված