Խոսե Վիսենտեի կարծիքը, Marca.com
Ճիշտ է, թիմը արդեն շատ անգամ է հրաժեշտ տվել Լա լիգային, բայց այս անգամ դա վերջնական է թվում: «Մադրիդը» պետք է հաղթեր այս խաղում՝ ինչ գնով էլ լիներ: «Ժիրոնան» պարտվել էր իր նախորդ երկու այցելությունների ժամանակ, իսկ երեքուկես տարի առաջ այստեղ կորզել էր 1-1 հաշիվը մի խաղում, որտեղ Կրոսն իր կարիերայի առաջին կարմիր քարտը ստացավ:
Ինչևէ, եթե այս խաղը փորձարկում էր Մյունխենի համար, ապա այն վատ անցավ: Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում «Մադրիդի» ձեռքից կգնան Լա լիգան (գրեթե հաստատ) և Չեմպիոնների լիգան (հավանաբար): Կամավինգայի փորձարկումը՝ որպես Չուամենիի փոխարինող, վատ չանցավ: Իրականում «Մադրիդն» արժանի էր հաղթանակի, բայց ոչ թե նոկաուտով, այլ միավորներով:
Թիմն ավելի լավն էր, տիրում էր նախաձեռնությանը գրեթե ողջ խաղի ընթացքում, բայց պակասում էր խորությունը, մի խնդիր, որը վաղուց է գալիս: Միակ գոլը ստիպված եղավ խփել Վալվերդեն՝ տուգանայինից դուրս կատարած հեռահար հարվածով և Գասանիգայի «օգնությամբ», քանի որ հարձակվողները տրամադրված չէին գոլ խփելուն: Մբապեն մի քանի պահ ունեցավ, բայց գոլ չխփեց: Իսկ երբ Մբապեն խաղում է ու գոլ չի խփում, սովորաբար լինում է այն, ինչ եղավ այսօր՝ «Մադրիդը» չի հաղթում: Վերջում նրա դեմ կանոնների խախտում եղավ տուգանայինում (ոչ ակնհայտ, բայց 11-մետրանոց էր), ինչը, սակայն, չպետք է արդարացում լինի:
Ինչ վերաբերում է Վինիսիուսին՝ շատ դրիբլինգներ, շատ գնդակներ ստանալ, բայց ոչինչ ավելին: Երբ Վինիսիուսի մոտ խաբսերը չեն ստացվում, սովորաբար գնդակն անցնում է մրցակցին: Կարճ ասած՝ հաջորդ չորեքշաբթի Մյունխենում «Մադրիդին» պետք կգա, որ բոլորը լինեն իրենց ուժերի 200 տոկոսի վրա, իսկ «Բավարիան»՝ ընդամենը 50-ի:
Հայերեն