«Մադրիդի» գլխավոր մարզչի հետխաղյա մամուլի ասուլիսը
«Մենք երջանիկ ենք, քանի որ կարողացանք կատարել մեր աշխատանքը: Մենք լավ մարզավիճակում ենք: Այսօրվա խաղում ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ մենք ցուցադրեցինք «Մադրիդի» մենթալիտետը. սկզբում պարտվում էինք 0:1 հաշվով, հետո հաղթում էինք 2:1, հետո «Ատլետիկոն» հավասարեցրեց հաշիվը, ուստի մեզ պետք էր նորից ակտիվ գրոհել, և մենք կարողացանք խփել հաղթական գոլը»:
«Խաղից խաղ ես տեսնում եմ, թե ինչպես կարող եմ ավելի լավ օգնել իմ սաներին թե՛ անձնական, թե՛ պրոֆեսիոնալ մակարդակներում: Մենք մշտական առաջընթացի փուլում ենք: Բավականին բարդ է, երբ թիմը գլխավորում ես մրցաշրջանի կեսից: Այնուամենայնիվ, մենք դեռ աճելու տեղ ունենք: Մենք պետք է օգտագործենք ընկերության և ընտանիքի ուժը (ծիծաղում է՝ հղում անելով սոցցանցերում հայտնի Friendship FC մեմին)»:
«Վալվերդեի հեռացո՞ւմը: Ոչ ոք չհասկացավ, թե ինչու նա կարմիր քարտ ստացավ: Երբեմն դու չես տեսնում՝ ինչ է կատարվում դաշտում, բայց ինձ բացատրեցին այդ դրվագը: Մրցավարն ասաց, որ Ֆեդերիկոն «չափից դուրս ագրեսիվ է խախտել կանոնները»: Այդուհանդերձ, ես մնում եմ այն կարծիքին, որ այդ հեռացումն արդարացի չէր»:
«Վինիսիուսը հերթական հիանալի խաղն անցկացրեց: Նա նորից ցուցադրեց իր տաղանդը: Նա շատ խիզախ ֆուտբոլիստ է. միշտ օգնում է թիմին, իսկ եթե ձախողվում է՝ նորից է փորձում: Մեզ բախտ է վիճակվել, որ Վինիսիուսը հանդես է գալիս «Ռեալում»: Կարծում եմ՝ նա հիմա իր կարիերայի լավագույն մարզավիճակներից մեկում է»:
«Պայքար Լա լիգայի տիտղոսի համա՞ր: Մեզ դեռ շատ երկար մրցավազք է սպասվում»:
«Ինչո՞ւ Մբապեն սկսեց պահեստայինների նստարանի՞ց: Ես միշտ փորձում եմ ընտրել օպտիմալ մեկնարկային կազմը: Կիլիանը երեք շաբաթ վերականգնվում էր վնասվածքից, ուստի որոշեցինք ռիսկի չդիմել: Հուսով եմ՝ նա ավելի շատ խաղաժամանակ կստանա Ֆրանսիայի հավաքականում և «Մադրիդ» կվերադառնա ավելի լավ ֆիզիկական վիճակում»:
«Ի՞նչ է ասում իմ մասին այն փաստը, որ ես արդեն հաղթել եմ Մոուրինյոյին, Գվարդիոլային և Սիմեոնեին: Դրա համար կարելի է գովել միայն իմ թիմին»:
«Տրենտը մեկնարկում չէր, որովհետև ուշացե՞լ էր մարզումից: Ո՛չ, բնավ: Ես միշտ ընտրում եմ լավագույն կազմը: Այսօր Կարվախալն իրեն հիանալի դրսևորեց, նա կարողացավ զսպել Լուկմանին, ով մեծ վտանգ էր ներկայացնում: Բայց փոխարինման դուրս գալուց հետո Տրենտը նույնպես մեծ ազդեցություն ունեցավ խաղի վրա»:
«Բելինգե՞մը: Տեսնենք՝ կխաղա՞ նա Անգլիայի հավաքականում: Իմ նպատակն է Ջուդի համար տեղ գտնել թիմում և նրան շրջապատել լավ գործընկերներով: Նրա ամենամեծ խնդիրն այն է, որ նա գերազանց է ամեն ինչում: Նա փայլուն է գրոհներ կառուցելիս, վտանգավոր պահեր ստեղծելիս, գոլեր խփելիս․․․ երբ դու այդքան բազմակողմանի զարգացած ֆուտբոլիստ ես, դա կարող է «գլխացավանք» դառնալ (մարզչի համար ընտրության հարցում)»:
«Բրահիմը շատ է օգնում մեզ՝ գնդակին տիրելիս, նա հիանալի է «կեղծ իննյակի» դերում: Հենց այսպիսի Բրահիմ է պետք թիմին»:
«Միլիտաոն կկարողանա խաղալ «Մալյորկայի» դեմ (ապրիլի 4-ին)»:
«Ի՞նչ կասեմ այն մարդկանց, ովքեր կասկածում էին ինձ: Նրանք չգիտեին, թե ինչպիսի խաղացողներ ունեմ իմ տրամադրության տակ»:
Հայերեն