Սալամանկացի մարզիչն օգտագործեց դերբին իր «զոհերի» հավաքածուն հարստացնելու համար: 70 օրվա ընթացքում նա ծնկի բերեց Մոուրինյոյին, Գվարդիոլային և Չոլոյին: Հեռվում, Լա Լիգայի համար պայքարում, երևում է Ֆլիկը...
Ինչպես էլ ավարտվի մրցաշրջանը և ինչ էլ լինի նրա ապագայի հետ հունիսից հետո, Ալվարո Արբելոան կարող է հպարտությամբ ասել՝ «ինչ արել եմ, ինձ է մնալու»: 70 օրվա ընթացքում «Ռեալ Մադրիդի» մարզչի պաշտոնում նա հաղթեց մարզչական երեք «հայրերի». նախ Մոուրինյոյին, իսկ նույն շաբաթվա մեջ՝ Գվարդիոլային և վերջապես Սիմեոնեին՝ մադրիդյան դերբիների արքային (ով ռեկորդային՝ 50 դերբիի է մասնակցել): Սա արդեն պատահականություն չէ:
Արբելոայի հեթ-տրիկը
«Ես նրան մեծ ապագա եմ կանխատեսում», – առանց հեգնանքի նշել էր «Սիթիի» մարզիչը նախորդ երեքշաբթի Մանչեսթերում: Չոլոյին երեկ չհարցրեցին իր գործընկերոջ մասին, բայց նա խաղից առաջ ասել էր. «Նրա արդյունքներն ինքնին խոսում են»: Գովեստները շատանում են, բայց ավելի կարևոր է սալամանկացու լավ կառավարումը հանդերձարանում և տակտիկական աճը:
Սա Լա լիգայի առաջին խաղն էր, որտեղ Արբելոայի «Մադրիդը» կարողացավ հաղթել՝ հաշվի մեջ հետ լինելով: Այն, ինչ չստացվեց «Էլ Սադարում» (2-1 պարտություն) կամ «Խետաֆեի» դեմ (0-1), ստացվեց շատ ավելի բարդ մրցակցի՝ «Ատլետիկոյի» դեմ, որն արդեն գոլ էր խփել և փակվել պաշտպանությունում:
Ֆլիկը՝ «պոկերի» ճանապարհին
Ինչպես սաֆարիի ժամանակ որսորդները ձգտում են տեսնել «Մեծ հնգյակին» (առյուծ, փիղ, հովազ, ռնգեղջյուր և գոմեշ), Արբելոան երկու ամսվա ընթացքում իր պատին փակցրեց այս գործի «սուրբ կովերի» լուսանկարները՝ Մոու, Պեպ և Չոլո: Հաջորդը, բնականաբար, պետք է լինի Ֆլիկը:
Դա տեղի կունենա մայիսին՝ Բարսելոնայում կայանալիք «Էլ Կլասիկոյի» ժամանակ: Այդ խաղը, այսօրվա 3-2 հաշվով հաղթանակից հետո, դառնում է վճռորոշ Լա լիգայի հաղթողին որոշելու համար: Արբելոան նույնիսկ 10 հոգով անցավ «Չոլո-թեստը», և Ֆլիկի «հեղինակային» «Բարսելոնայի» համար ստեղծվում է մի մրցակից, որն օրեցօր ավելի վտանգավոր ու փորձառու է դառնում տակտիկական առումով:
Հայերեն