Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում մրցեց «Վալենսիայի» հետ:
Վինիսիուս Ժունիորի ու Կարիմ Բենզեմայի դուբլի շնորհիվ «Արքայական ակումբը» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց(4-1): Մրցակցի կազմում միակ գնդակը խփեց Գոնսալու Գեդեշը:
Կարիմ Բենզեման «Ռեալում» հատեց 300 գոլի սահմանը: Ֆրանսիացին իր ակտիվում գրանցել է 301 գնդակ: Նա նաև Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է՝ խփած 17 գոլով: Երկրորդը Վինիսիուսն է, որը դարձել է 11 գոլի հեղինակ:
Անցկացրած 21 խաղից հետո «սերուցքայիններն» իրենց ակտիվում գրանցել են 49 միավոր, որով մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն են: Երկրորդը «Սևիլիան» է, որը 19 խաղից հետո վաստակել է 41 միավոր:
«Ռեալի» հաջորդ խաղը կկայանա Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում: Հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայում Անչելոտիի սաներն ուժերը կչափեն «Բարսելոնայի» հետ:
Այդ խաղին կհաջորդի «Էլչեի» դեմ գավաթային արտագնա խաղը հունվարի 19-ին, իսկ հունվարի 23-ին «Ռեալն» արդեն Լա լիգայի շրջանակում կընդունի «Էլչեին»:
Լա լիգա, 20-րդ տուր
Գոլերը՝ 1-0՝ Բենզեմա 43՛, 11մ, 2-0՝ Վինիսիուս 52՛, 3-0՝ Վինիսիուս 61՛, 3-1՝ Գեդեշ 76՛, 4-1՝ Բենզեմա 88՛:
Չիրացված 11մ՝ Գոնսալու Գեդեշ 76՛, «Վալենսիա»
Robbie Raul, Realmadrid.am