• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գուցե «Մադրիդն» ավելի բարձր է, քան այն ամենը, ինչ նրա մասին ասվում է

Հոդվածներ

Գուցե «Մադրիդն» ավելի բարձր է, քան այն ամենը, ինչ նրա մասին ասվում է
23.03.2026
601 0

Խոսե Վիսենտե Էռնաեսի կարծիքը

Սա թակարդներով լի խաղ էր: «Մադրիդը» առանց Մբապեի էր և առանց Ռոդրիգոյի, այսինքն՝ նորից Վինիսիուս-Բրահիմ զույգով հարձակման գծում: Թվում էր, թե դա քիչ է՝ հաշվի առնելով, որ մյուս կողմում ամբողջական «Ատլետիկոն» էր, բայց դա աշխատեց, ինչպես աշխատել էր օրեր առաջ «Մանչեսթեր Սիթիի» դեմ:

Ի դեպ, Գվարդիոլայի թիմը նոր է տիտղոս նվաճել Անգլիայում՝ հաղթելով Եվրոպայի ամենաոճային թիմին՝ «Արսենալին», այնպես որ «Սիթին» այնքան էլ վատ վիճակում չէր, որքան թվում էր «Մադրիդի» հետ խաղում: Գուցե պարզապես «Մադրիդն» ավելի բարձր է, քան այն ամենը, ինչ նրա մասին ասվում է: Ամեն ինչ պետք է կոչել իր անունով:

Փաստն այն է, որ «Մադրիդը» այս խաղում Լա լիգային հրաժեշտ տալու վտանգի տակ էր: Չի կարելի ասել, թե տիտղոսը շատ մոտ է, բայց գոնե թիմը շարունակում է պայքարել դրա համար: Թվում էր, թե ամեն ինչ վերջացած է, երբ ընդմիջմանը հաշիվը 0-1 էր, ինչը «Մադրիդի» գործերը ծայրահեղ բարդացրեց:

Բայց Բրահիմն ու Վինիսիուսը կարողացան ակնթարթորեն շրջել խաղի ընթացքը: Բրահիմը վաստակեց ակնհայտ 11-մետրանոցը, որը Վինիսիուսը հստակ իրացրեց: Վալվերդեն դարձավ 2-1 հաշվի հեղինակ՝ Խիմենեսից խլելով «անհնարին» գնդակը, և նորից Վինիսիուսը «բոքսեր» ուղարկեց «Ատլետիկոյին», որը գոնե ոչ-ոքիի հույս ուներ Մոլինայի՝ «վալվերդեական» ոճի գոլից հետո:

Ի դեպ, Վալվերդեի մասին... իրո՞ք Բաենայի դեմ կատարած խախտման համար կարմիր քարտ էր պետք: Ավելի շատ նման էր նրան, որ Մունուերան տարվեց այդ երկու խաղացողների միջև եղած «սև լեգենդով»:

Դա բոլորովին կարմիր քարտի նման չէր, բայց դրա պատճառով խաղը մտավ աննորմալ լարվածության և սպասման փուլ: «Մադրիդը» փակվեց, և Արբելոան հանեց Վինիսիուսին: Սխալ որոշում էր: Նա իր տարերքի մեջ էր: Բացի այդ, «Մադրիդը» նրա կարիքն ուներ, քանի որ Մբապեն ու Բելինգեմը, որքան էլ Արբելոան ուզում էր նրանց խաղաժամանակ տալ՝ ռիթմի մեջ մտնելու համար, բավականին քիչ օգուտ տվեցին:

Բայց, ինչպես ասում են, նպատակն արդարացնում է միջոցները, և «Մադրիդը» կարողացավ դիմանալ ճնշմանը՝ տանելով ոչ թե պարզապես կարևոր, այլ գերկարևոր հաղթանակ: