• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա․ «Հասկանալի է նրա հիասթափությունը, չէ՞ որ նա կորցրել է մեկնարկային տեղը հիմնական կազմում»

Հոդվածներ

Կուրտուա․ «Հասկանալի է նրա հիասթափությունը, չէ՞ որ նա կորցրել է մեկնարկային տեղը հիմնական կազմում»
19.03.2025
621 0

«Ռեալի» դարպասապահի հարցազրույցը

«Երկուշաբթի օրը ես զրուցեցի Բելգիայի հավաքականի իմ թիմակիցների հետ, և խոսակցությունը շատ լավ անցավ։ Կային բազմաթիվ թյուրիմացություններ ու սխալ տեղեկություններ, և ես ցանկացա բացահայտել ճշմարտությունը։ Հիմա բոլորը կարող են հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ինչ է անցնում իմ մտքով։

Ավագության հարցը միակ պատճառը չէր, որից ելնելով ես հեռացա հավաքականից գրեթե երկու տարի առաջ։ Կարծում եմ՝ սխալ կլինի դա ներկայացնել որպես ամեն ինչի առանցք։ Բայց հիմա ինձ թեթևացած եմ զգում, որ կարողացա ամեն ինչ բացատրել։ Այժմ մենք կարող ենք առաջ շարժվել։

2022/23 մրցաշրջանն ինձ համար հոգնեցուցիչ էր։ Ճիշտ է, Տեդեսկոյի հետ միջադեպը մեծ դեր խաղաց, բայց ֆիզիկական որոշ խնդիրներ էլ կային։ Ես դեռ ցանկություն ունեի խաղալու հավաքականում, բայց գլխավոր մարզիչը երբեք չեկավ ինձ հետ անձամբ խոսելու։

Ես նախկինում երբեք նման իրավիճակում չէի հայտնվել, և ինչ-որ պահի «պայթեցի»։ Զգում էի, որ ինքս արժանանում եմ անհարգալից վերաբերմունքի, ուստի կորցրեցի ինքնավստահությունս։ Այդ պահին արդեն հասկացա՝ ետդարձի ճանապարհ չկա։ Ես գիտեմ, որ հեշտ մարդ չեմ։ Հաղթողի մտածողություն ունեմ և չեմ կարող ինձ փոխել։ Երբեմն չափազանց հուզական եմ արձագանքում, և իրավիճակն ամբողջությամբ դուրս է գալիս վերահսկողությունից։ Մարդը կարող է իրեն մեղավոր զգալ, բայց կարծում եմ՝ այդ դեպքում ամեն ինչ շատ հեռու էր գնացել։

Եթե հնարավորություն ունենայի վերադառնալ անցյալ ու փոխել որևէ բան, կցանկանայի՞ դա։ Դժվար է ասել։ Հավանաբար, որոշ բաներ այլ կերպ կանեի՝ կապված թիմակիցների, երկրպագուների հետ, գուցե հավաքականի ղեկավարության որոշ անդամներին ավելի շուտ զանգահարեի ու բացատրեի, թե ինչպես եմ ինձ զգում։

Իսկ մնալո՞ւ եմ ես իմ էությանը հավատարիմ։ Այո։ Իմ նպատակը լավ հանդես գալն է խաղադաշտում և ցույց տալը, որ դեռ մեծ ցանկություն ունեմ խաղալու ազգային հավաքականի կազմում»։

«Տեդեսկոյի խոսքերը, թե իբր նա արել է ամեն ինչ՝ իրավիճակը կարգավորելու համար, սուտ էին։ Ես զգացի, որ անհրաժեշտ է արձագանքել այդ կեղծիքին»։

«Ինչ վերաբերում է Կաստելսի հայտարարություններին, հասկանում եմ նրա հիասթափությունը։ Բնական է, երբ մեկնարկային դարպասապահի տեղ ես կորցնում, նման կերպ կարձագանքես։ Նա իրավունք ունի իր կարծիքն ունենալու։ Նա որոշ քննադատություն հնչեցրեց իմ հասցեին, բայց չեմ կարծում, որ մյուսները կիսում են այդ տեսակետը։

Եթե որևէ մեկը որևէ բան ունի ինձ ասելու, նախընտրում եմ, որ ասեն ուղիղ։ Ես այն մարդկանցից եմ, ովքեր գնահատում են ազնիվ ու անմիջական մոտեցումը»։