Բիլբաոյի «Ատլետիկին» Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում պարտվելով՝ Մադրիդի «Ռեալն» ընթացիկ մրցաշրջանում իր առաջին տիտղոսը նվաճելու հնարավորությունը կորցրեց:
Ցովոք սրտի, թիմի խաղը հուշում է, որ հավանական է՝ Սուպերգավաթը միակ տիտղոսը չէ, որ «Ռեալը» ձեռքից բաց է թողնելու ընթացիկ մրցաշրջանում:
Լա լիգայում խնդիրներ կան, իսկ Մադրիդի «Ատլետիկոյի» դոմինանտ ելույթը մրցաշարում միայն ավելացնում է խնդիրները:
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա թիմը, չնայած առաջին հորիզոնականով, բայց դժվարությամբ դուրս եկավ խմբից, իսկ 1/8 եզրափակիչում մրցելու է «Ատալանտայի» հետ: Իտալական ակումբը, այո՛, թոփ չէ, սակայն թիմային ֆուտբոլ խաղալու մեծ համբավ ունի ու կարող է խնդիրներ ստեղծել Զիդանի ու տղաների համար:
Փորձենք հասկանալ Զինեդին Զիդանի մեղավորությունը:
Նոյեմբերին կայացած անհաջողությունների շարքից հետո Զինեդին Զիդանը շարունակում է խաղադաշտ դուրս բերել նույն ֆուտբոլիստներին՝ նույն մեկնարկային կազմով՝ հաշվի չառնելով անգամ այն հանգամանքը, որ թիմը երեք օրը մեկ խաղ է անցկացնում՝ սեղմ ժամանակացույցով պայմանավորված:
Նախկինում Զիդանի փոփոխություններն աշխատում էին, ու թիմը մրցունակ տեսք ուներ ինչպես Իսպանիայի առաջնությունում, այնպես էլ Չեմպիոնների լիգայում:
Մարտին Էդեգորի, Վինիսիուսի, Էդեր Միլիտաոյի ու Ռոդրիգոյի նման ֆուտբոլիստները վերջին ամիսներին բավարար խաղաժամանակ չեն ստանում:
Սա լուրջ հարված է՝ ուղղված ֆուտբոլիստների վստահությանը, քանզի Զիդանը չի կարողանում գտնել նրանց թիմում ինտեգրելու եղանակը:
Մադրիդի «Ռեալը» դարձել է այնպիսի թիմ, որի դեմ բավական հեշտ է պաշտպանվել: «Արքայական ակումբը» խաղում սրություն մտցնելու ու անկանխատեսելի գործողություններ կատարելու սակավություն ունի:
Թիմի՝ վերջին շրջանում խփած գոլերի քանակն այս խոսքերի ապացույցն է:
Լա լիգայի գործող չեմպիոնը դժվարանում է իր ձեռքը վերցնել խաղի թելն այն ժամանակ, երբ մրցակիցն առաջ է անցնում հաշվի մեջ:
Այդ դեպքերում, երբ հարկավոր է արագ արձագանքել՝ փոփոխություններ կատարելով, «Ռեալի» գլխավոր մարզիչը խաղի ավարտից ընդամենը րոպեներ առաջ է փոփոխություն կատարում՝ իրավիճակը շտկելու համար: Հաճախ այդ փոփոխություններն ուշացած են:
Ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային», Մադրիդի «Ատլետիկոյին», «Սևիլիային», իսկ միավորներ կորցրել Լա լիգայի նորեկներ «Կադիսի» ու «Էլչեի» դեմ խաղերում:
«Մեծ» խաղերում հաջողությունը կարծես ստիպել է «Ռեալի» խաղացողներին փոքր կենտրոնացվածությամբ մոտենալ համեմատաբար «փոքր» թիմերի դեմ խաղերին:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Տիբո Կուրտուան գերազանց ելույթ է ունեցել՝ բազմիցս փրկելով «Արքայական ակումբին» վերահաս գոլից:
Թիմի խաղը պաշտպանությունում, ինչպես նաև հարձակման գծում տպավորիչ համարել չի կարելի: Եթե Զիդանն ու տղաները ցանկանում են արժանի պայքար մղել մնացած երեք տիտղոսների համար, ապա այս գոտիներում պետք է բարելավում:
Fenomeno, Realmadrid.am