Marca–ի անդրադարձը
«Սանտիագո Բեռնաբեուն» Լուկաս Վասկեսի անունն էր գոչում այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը «Էլ Կլասիկոյում» հավասարեցրեց հաշիվը։
Նա տպավորիչ արագացում կատարեց, որպեսզի օգնի եզրում հարձակմանը և անսպասելիորեն հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակի մոտ՝ Վինիսիուսի փոխանցումից հետո կատարելով դիպուկ հարված։
Սա դեռ ամենը չէ, հանդիպման սկզբում Լուկասը 11–մետրանոց էր վաստակել և երկրորդ կեսի վերջում հաղթական գոլային փոխանցում կատարեց Բելինգեմին։
Լուկաս Վասկեսը դրսևորեց իրեն նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում՝ հետխաղյա 11–մետրանոցների ժամանակ սառնասիրտ հարված կատարելով, իսկ «Էլ Կլասիկոն» նրա համար դարձավ վառ շաբաթվա ավարտ։ Սովորաբար նա երկրորդական դերում է հանդես գալիս, գտնվում է Կարվախալի ստվերում, սակայն հիմա արդարացիորեն վայելում է փառքը։ Կարևոր է նշել, որ Վասկեսը մնում է ակումբի ամենաշահավետ ձեռքբերումներից մեկը։
«Ռեալ Մադրիդը» ֆուտբոլիստին գնել է 2015 թվականին՝ 1 միլիոն եվրոյի դիմաց, «Էսպանյոլում» վարձավճարով 1 տարի հանդես գալուց հետո։ Ռաֆա Բենիտեսը վերադարձրեց Վասկեսին «Ռեալ», իսկ մնացածը պատմություն է։
9 տարի և 19 տիտղոս անց, Լուկասը մնում է թիմի կարևորագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ նրա պայմանագրի երկարաձգումը կայացած փաստ կարելի է համարել։
Վասկեսը 32 տարեկան է և համաձայնվել է պահեստային աջ պաշտպանի դերին։ Նա մասնակցելէ 32 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում և վաստակել մեկ 11–մետրանոց։ Թվերը գրեթե հիմնական կազմի ֆուտբոլիստի մակարդակի են, այլ ոչ թե պահեստայինի։
Շաբաթը սկսվեց Լուկասի համար ինչպես սովորաբար, նա Մանչեսթերի կիսաեզրափակիչում պահեստային էր, սակայն օգտակար եղավ Կառլո Անչելոտիի համար․ նա ոչ միայն որակյալ անցկացրեց իրեն տրամադրված խաղաժամանակը, այլ նաև կարևորագույն 11–մետրանոց իրացրեց, ինչպես ՉԼ–ի եզրափակիչում, որն ավարտվեց «Ռեալի» Ունդեսիմայով։
«Էլ Կլասիկոյում» Կառլոն չտատանվեց և միանգամից Լուկասին մեկնարկային կազմ դուրս բերեց, քանի որ Կարվախալը «Սիթիի» դեմ խաղից հետո շատ էր հոգնել։ Վասկեսը ոչ միայն կատարեց իր առջև դրված խնդիրը, այլ նաև դարձավ հանդիպման աստղը՝ դառնալով յուրահատուկ հեթ–տրիկի հեղինակ (11–մետրանոց վաստակեց, հավասարեցրեց հաշիվը Վինիի փոխանցումից հետո և ասիստ կատարեց Ջուդին, որը խփեց հաղթական գոլը):
Եզրափակիչ սուլիչից հետո Լուկասն ակտիվորեն տոնում էր «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը՝ գրկելով Կարվախալին և թիմակիցներից շնորհավորանքներ ընդունելով՝ հիանալի հասկանալով, թե ինչ փայլուն հանդիպում է անցկացրել։